Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022-ի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշմամբ ֆիզիկական անձանց՝ անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առեւտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով եւ (կամ) փոխադրողի տեղափոխող ապրանքներ) կգործի մինչեւ 2023-ի ապրիլի 1-ը 2022-ի հոկտեմբերի 1-ի փոխարեն:
2022-ի մարտի 17-ին Մոսկվայում անցկացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի որոշմամբ ֆիզիկական անձանց՝ անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո եւ (կամ) 31 կգ: Նշված որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022-ի մարտի 21-ին եւ ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022-ի մարտի 31-ին։
Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային եւ (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200 հազար ՀՀ դրամ եւ (կամ) 31 կգ, հետեւաբար շարունակելու է գործել սահմանված 200 հազար դրամի եւ (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։
ՊԵԿ-ը հայտնել է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։