Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Առաջինի լրատվական ալիքին» հայտնել է. «Մեր վստահորդների թիվը 15-ի է մոտենում: Մեր վստահորդներից 3-ի վերաբերյալ որեւէ տեսանյութ կամ ապացույց չի եղել նրանց գերի ընկնելու վերաբերյալ, սակայն Կարմիր խաչի միջոցով է հաստատվել նրանց գերեվարման փաստը: Նրանք անհետ կորած են համարվել, ուստի դեռ վաղ է ասել, թե քանի գերի ունենք»,- շեշտել է իրավապաշտպանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի կառավարությունը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Եվրոպական դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ ՄԻԵԴ-ը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է:
«Կախված սեպտեմբերի 29-ի՝ Ադրբեջանի պատասխանից՝ գուցե հնարավոր լինի հստակ նշել, թե քանի զինծառայող է հայտնվել գերության մեջ, քանիսի ճակատագիրն է դեռեւս անհայտ: Փաստաբանական խմբի դիմումների հիման վրա դատարանը հարցումներ է ուղարկել Բաքվին: Այս պահի դրությամբ հրատապ միջոց կիրառելու որոշում դեռեւս ընդունված չէ»,- նշել է Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպանը հավելել է, որ այս միջոցների կիրառումը այնպիսի միջոցառումներ են, որոնք անիմաստ չեն դարձնի վերջնական դատական ակտը:
«Սա կյանքի իրավունքը ապահովելուն, պաշտպանելուն է վերաբերում: Որ անդառնալի չլինեն փոփոխությունները, ներկայացրել ենք ռիսկերը, որ այնտեղ գտնվելը կյանքին վտանգ է սպառնում: Այդ հիմնավորումների ազդեցության տակ ՄԻԵԴ-ը 2020-ին բազում որոշումներ է ընդունել, հիմա առատ ապացույցներով այդ ռիսկերը հիմնավորվում են»,- շեշտել է Զեյնալյանը:
Ըստ ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցչի՝ ձեռքի տակ դեռեւս չկան խոշտանգման դեպքերի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության տվյալները: Զեյնալյանը շեշտել է, որ բացառությամբ հրապարակված մեկ տեսանյութի՝ իրենք այլ ապացույցներ չունեն, լինելու դեպքում պատրաստ են միջազգային ատյաններում հանդես գալու նաեւ խոշտանգվածների իրավունքների պաշտպանությամբ: