ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը եւ հայտարարել, որ սա լարվածության վերջին սրացումից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակին՝ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնելու ելման դիրքեր։ Խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ը աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ:
«Դա հստակ հասկացրել ենք հրապարակայնորեն եւ ուրախ ենք, որ մեր շարունակական փոխգործակցությունը երկրների հետ օգնեց դադարեցնելու ռազմական գործողությունները։ Կշարունակենք մասնակցել եւ խրախուսել այն աշխատանքին, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշել է Փրայսը:
«Այս հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում. դա հայտարարել ենք թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, դրանց թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնելու ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին եւ Ադրբեջանին մեր աջակցությունը»,- նշել է Փրայսը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է, որ պետքարտուղար Բլինքենը կոչ է արել կողմերին՝ կրկին հանդիպելու մինչեւ ամսվա վերջը, սակայն հստակ ամսաթիվը եւ վայրը պետք է որոշեն կողմերը:
«Կարծում ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլեւ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին եւ դյուրացնել նրանց միջեւ երկխոսությունը»,- շեշտել է Փրայսը։
Շոշափելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է. «Դա որոշելու են երկու երկրները, բայց մենք իսկապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի փոխգործակցության շարունակումը համապատասխանում է ոչ միայն նրանց շահերին, այլեւ տարածաշրջանի շահերին, նաեւ դրա սահմաններից դուրս»։