ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառելու պատժամիջոցներ եւ դիմելու միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
Իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է նախորդ շաբաթ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում:
Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի՝ բանաձեւը կոչ է անում հետաքննելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ոչնչացումը եւ համերաշխություն հայտնում Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը եւ կոնգրեսական Աննա Էշուն: