ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Ներկայացվել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով եւ հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկությունը։
ՀՀ ՄԻՊ-ը խոսել է հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների գործած հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության վարած էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։
Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը նա անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:
Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը եւ վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին եւ ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակում: Գլխավոր քարտուղարն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը: