Պաշտոնական Աստանան հայտնել է, որ Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի զորահավաքից խուսափող միայն այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ճեպազրույցի ժամանակ Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ահմեդժանովը հայտարարել է, որ զինկոմիսարիատների ռուսաստանցիների որոնման փաստը հիմք չէ նրանց արտահանձնելու համար։
«Ռուսաստանի հետ իրավական օգնություն ցուցաբերելու, դատապարտվածների փոխանակման եւ հանցագործների արտահանձնման վերաբերյալ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Գլխավոր սկզբունքը թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում այն է, որ դա քրեորեն պատժելի հանցանք պետք է լինի»,– ասել է Ահմեդժանովը։
Ղազախստանի նախագահ Տոկաեւն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքի մեկնարկից ի վեր ՌԴ քաղաքացիների Ղազախստան կատարած զանգվածային ներգաղթի առնչությամբ Աստանան մտադիր է բանակցություններ անցկացնել Մոսկվայի հետ։ Ըստ Տոկաեւի՝ Ռուսաստանը լքած ու Ղազախստանում ապաստանածները հայտնվել են անելանելի դրության մեջ, եւ նրանց հանդեպ պետք է հոգատարություն դրսեւորել, ապահովել նրանց անվտանգությունը։
Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ատալիկովն իր հերթին զեկուցել էր, որ սեպտեմբերի 21-ից ի վեր շուրջ 98 հազար ռուսաստանցի է մուտք գործել Ղազախստան։ Միեւնույն ժամանակ ավելի քան 64 հազար ռուսաստանցի էլ հեռացել է Ղազախստանից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը