Եվրահանձնաժողովի խոսնակ Թիմ Մաքֆին հայտարարել է, որ ԵՀ-ն հետեւում է ռուսական «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Նա նշել է, որ Հանձնաժողովը տեղեկացվել է «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված երեք արտահոսքի մասին:
«Երկու արտահոսք կա «Հյուսիսային հոսք»-ում եւ մեկը՝ «Հյուսիսային հոսք 2»-ում: Ուշադիր հետեւում ենք զարգացումներին համապատասխան անդամ պետությունների հետ: Այս պահին Եվրոպայում գազի մատակարարման համար որեւէ հետեւանք չկա»,- ասել է խոսնակը։ Նա հավելել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման թույլտվություն չի ստացել:
Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ իրենք մշտադիտարկում են մեթան գազ արտահոսքի հնարավոր ազդեցությունները կլիմայի վրա:
«Մեր տեղեկություններով՝ միջադեպից տուժած երկրների ազգային իշխանությունները արտահոսքի տարածքի շուրջ անվտանգության գոտի են ստեղծել»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Իր հերթին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչների ծառայության ղեկավար Էրիկ Մամերն էլ նշել է, որ առայժմ չկան «Հյուսիսային հոսքում» արտահոսքի պատճառները պարզաբանող տեղեկություններ։