ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ:
Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով երեխաների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, անդրադարձել քաղաքացիական ենթակառուցվածքների եւ քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորմանը: ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրենության մանդատի շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին առնչվող մանրամասները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի առաջին փոխնագահահ Անտոանետա Վասիլեւայի եւ փորձագիտական խմբի անդամների հետ:
Քննարկվել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը՝ անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի (ԱԳԾ) իրականացման ընթացքին:
ՄԻՊ-ն անդրադարձել է մշակման փուլում գտնվող նոր ԱԳԾ-ին, հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակում իրավապահ համակարգի արձագանքման մեխանիզմներին եւ այս ոլորտում Պաշտպանի գործունեությանը: