Այսօր թվային պահոցներումս այլ բան փնտրելիս պատահաբար գտա մի հոդված, որը գրել եմ, կարծեմ, 2010 թվականին Tert.am-ի իմ բլոգում։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա (26.09.2022) հարցազրույցի արձագանքների ֆոնին նյութն արդիական թվաց, ու որոշեցի կրկին հրապարակել։
Բլոգիս ընթերցողներից Արմենը խնդրել էր բացատրել լեւոնատյացության պատճառները։ Քոմենթին քոմենթով պատասխանելու փոխարեն խոստացել էի հոդված գրել, ինչն էլ անում եմ։
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, 2008-ի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ատելություն, իհարկե, կա։ Մի քանի հարյուր մարդիկ կարողանում են տպավորություն ստեղծել, թե իբր Տեր-Պետրոսյանին չընդունող, Տեր-Պետրոսյանին չհարգող եւ վերջապես նրան ատող զանգվածներ կան։ Մի բան, որ ճշմարտության հետ որեւէ առնչություն չունի։
Իրականում այսպես կոչված «լեւոնատյացներին» կարելի է բաժանել չորս խմբի՝ դրանց քանակի եւ որակի քննությունը թողնելով ընթերցողին։ Մարդիկ, որոնք.
ա) իրենց ավելի խելոք են համարում,
բ) բարդույթներ ունեն իրենցից խելոք մարդկանց նկատմամբ,
գ) չունեն ընդհանրական մտածելակերպ,
դ) պարզապես ամբարտավան են։
Առաջին խմբում հիմնականում գիտության եւ մշակույթի գործիչներ են՝ դասախոսներ (կաշառակեր կամ՝ ոչ, կարեւոր չէ), սովետական գիտահետազոտական եւ ակադեմիական հիմնարկներով անցած մտավորականներ, գրողներ եւ արվեստագետներ, որոնց միակ սրբազան իղձը իշխանություններից մրցանակներ եւ նպաստներ ստանալն է։
Այս մարդկանց վհատեցնում է Տեր-Պետրոսյանի ինտելեկտը, քաղաքագետ-ստրատեգի կարողություններն ու հմտությունները։ Նրանց իդեալը տուռնիկից կախված հիմարավուն վոլեւիկն է, որը կարող է ստրկացնելու աստիճան սիրել իրենց եւ նվաստացնելու աստիճան գերագնահատել։
Երկրորդ խմբում հիմնականում հավաքված են պոլիտոլոգները, պոլիտիկներն ու ստեղծագործական աշխատանքի հետ առնչություն չունեցող այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Սրանց սնում է իրենց իսկ կանխատեսումների չիրականացումից առաջացող թույնը։ Օրինակ՝ հայտարարում են, թե Տեր-Պետրոսյանը սպառվել է, ու կարկամում են նոր եւ անսպասելի քայլ տեսնելիս։ Հայտարարում են, որ Կոնգրեսը գնացել է գործարքի, բայց տեսնում, որ իշխանությունները նույն թափով ու ջանասիրությամբ շարունակում են հալածել ընդդիմադիրներին։
Երրորդ խմբի մարդիկ կարող են զոհել ամեն ինչ, միայն թե պահպանեն «սրբազան» հուշերը։ Հայաստանի անկախացումը նրանց համար կլոր զրո է՝ նավթավառ լամպի ծեքծեքում կամ ձավարով փլավ։ Ղարաբաղի ազատագրումը նրանց համար ոչինչ է՝ համեմատած հովհարային անջատումների հետ։ Երկիրն անցնցում պահելը նրանց համար աղբ է, երբ համեմատում են սովետի «կոմֆորտի» հետ։
Չորրորդ խումբը, այսինքն՝ ամբարտավանները, մի խնդիր ունեն՝ անստույգ փաստերով սեւացնել Հանրապետության առաջին նախագահին եւ ընդդիմության ներկա առաջնորդին՝ հուսալով, թե ըմբռնում են գտնելու ժողովրդի մեջ։ Սրանք, որպես կանոն, ոչ մեկին չեն պաշտպանում, առաջ չեն տանում որեւէ մեկի գաղափարները, չեն համակրում ոչ մի հոսանքի կամ ուղղության։
Մի խնդիր ունեն՝ կասեցնել ժողովրդի եւ Տեր-Պետրոսյանի շփումը։ Իսկ թե ով կգա հետո, ինչ կասի եւ ինչ կանի, նրանց բացարձակապես չի հետաքրքրում։
Ինչպես առաջին խմբի ներկայացուցիչները, մյուսները եւս սովոր են ապրելու ծանր եւ «արդարադատ» ձեռքի տակ։ Ազատությունը խորթ է նրանց համար, իսկ ազատասեր մարդկանց ձգտումներն՝ արգահատելի։
Ու բոլորին թվում է, թե իրենք են երկրի աղը։ Եթե այդպես է, ուրեմն երկիրը վաղուց պետք է կործանված լիներ աղի ավելցուկից։ Եթե այդպես չէ, շուտով վերջ կտրվի այս անհամությանը։
2010 թվականից անցել է 12 տարի, ցավոք, շատ բան չի փոխվել։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։