Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցից հետո Ֆեյսբուքի բնակչությունը գրում ու գրում է՝ ով ինչ գիտի եւ ով հատկապես չգիտի։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ իսկապես չեն հասկանում իրական սպառնալիքը, իսկ հասկացողներին լռեցնում են 25 տարի չզառամող իռացիոնալ խոսքով, հայհոյանքով, վիրավորանքով եւ անեծքով։
«Ալիք Մեդիան» այսուհետ պարբերաբար կներկայացնի պատահական սկզբունքով ընտրված ֆեյսբուքյան գրառումներ, որոնք գուցե օգտակար լինեն քաղաքական եւ հասարակական մտքով հետաքրքրվող արդի եւ ապագա ուսումնասիրողներին։
Կոտ Լեոպոլդի հետ կապ չունի
Այսպես՝ Ֆեյսբուքի օգտատեր Զավէն Տոնոյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ լուսավորիչ-պատմաբանների ամենահավատարիմ եւ ամենափայլուն ընթերցողներից է: Եվ եթե արդեն նա է անցել` «պետք է միասնական լինել» դատարկաբանությանը, ուրեմն ամեն բան ավելի քան ոռի* է, ինչը բոլորիս էր հայտնի: Ըստ էության կարելի էր ուղղակի պարոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ տված հարցազրույցի կրկնությունը միացնել հանրայինի եթերում ու էդ մարդուն հանգիստ թողնել, նա էլ ասելու բան չունի»:
Մեկը նրան պատասխանում է. «90-ականների մեջ ա էդ մարդը մնացել»։
«Չէ, փայլուն մտավորական ա: Ուղղակի իրոք էլ ասելու բան չունի»,- հակադարձում է Զավէնը։
Մեկնաբանողը համառում է. «Հա, դե էդ եմ ասում էլի, էլ ասելու բան չունի՝ ՆՈՐ»։
Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը սաստում է Տոնոյանին. «Զավեն, չափն անցնում ես»:
Հավանաբար Ոսկանյանը նրա դասախոսն է, եւ այդ պատճառով Զավէնն արագ նահանջում է. «Երեւի, բայց իրոք շատ հուսահատեցնող էր, սպասելիքներիս շատ լինելուց տենց էմոցիոնալ ֆոն եղավ»։
Ոսկանյանը գրում է. «Հուսահատեցնող էր, որովհետեւ կախարդական լուծում էիր սպասում։ Այնինչ մարդը դեպի լուծում առաջնորդող ճանապարհ է առաջարկում, փիլիսոփայորեն ասած՝ մեթոդ։ Մարդն ասում է՝ հնարավոր չի կողմնորոշվել առանց ծանոթ լինելու ասպարեզում եղած առաջարկությունների դետալներին, իսկ քավոր Պետրոսը (Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանը) վրա է տալիս՝ չէ, դու ասա, հմի դու միջանցքին կո՞ղմ ես, թե՞ դեմ։ Դուք էլ կուտը ուտում եք՝ տեսաք, չասեց։ Այն դեպքում, երբ մարդը հստակ ասել էր՝ մինչեւ օրվա վարչապետին չպարտադրեք փաստերը սեղանին դնել, ոչինչ ասել չեք կարող՝ նաեւ միջանցքների մասին»։
Զավէնն ասում է. «Ես իրականում միասնական լինելու կոչը հենց էդպես էի հասկացել ու հասկանում եմ, որ մոլորությունների մեծ մասը Պետրոսի պատճառով էր, բայց միեւնույնն ա, հարցը մնում ա բաց, թե ի՞նչ նոր բան ուներ ասելու, ինչի՞ ինքը էդ նույն, բոլորիս իմացածը եկավ ու նորից ասեց։ Կախարդական սպասելիքս այն էր, որ անձամբ ինքը պետք ա մեր ներկա իրավիճակում ոչինչ չասեր։ Եթե էդ էր ասելու, փոխանցեր ուրիշի միջոցով: Ու էլի հասկանում եմ, որ խնդիրը իմ սպասելիքն ա, ճիշտ եք»։
«Միասնականության հետ կապված կարեւոր պահ կա։ Նախագահը միասնականության կոչ չի արել։ Խոսքը, օրհասի պահին կոնկրետ խնդրի լուծման համար հավաքվելու մասին է։ Կոտ Լեոպոլդի հետ կապ չունի»,- եզրափակում է Աշոտ Ոսկանյանը, որից հետո զրույցը չի շարունակվում։
Որ Պուտինը խռով չմնա
«Շուտ հանձնվեք հայեր, քանի Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան օգնության չեն հասել։ Մակրոն, Բլինկեն ոտքի են, արագ-արագ հանձնվեք, Պուտինը խռով չմնա»,- գրում է ՖԲ օգտատեր Անն Նորիկյանը։
Տեր-Պետրոսյանի խոսքը լակմուսի թուղթ է
«Միայն ցնորվածները կամ լափ փնտրողները կարող են հայհոյել միաբանության կոչ անողին։ Մենք բոլորս պարտավոր ենք գտնել ստեղծված իրողություններից հնարավոր ամենալավ լուծումը։ Մնացած խոսքերը ավելորդ են։ Տեր-Պետրոսյանի խոսքը լակմուսի թուղթ է բոլորի համար, ուրիշ ոչինչ»,- գրում է Տիգրան Գյուրջյանը։
Էլմիրա անունով օգտատերը պատասխանում է. «Եկեք միաբանվենք ու ազգովի գնանք կապիտուլյացիա ստորագրենք ու ազգակործան պատուհասին էլ մաքրագործենք։ Իյա՜, իրո՞ք»։
«Չէ, եկեք ինչ հիմարություն կա, անենք, վերջացնենք։ Մարդը բոլորին կոչ է անում վերցնել պատասխանատվությունը ու մասնակցել բախտորոշ որոշումներին, ոչ թե պատերի տակ գոռալ թուրք»,- գրառման հեղինակի պատասխանն է։
«Չէ, ուրիշ տարբերակ էլ կա, ազգակործան պատուհասի հեռացում եւ նոր Սարդարապատի պատրաստում»,- գրում է Էլմիրան։
Վերադարձե՛ք իրականություն,- խորհուրդ է տալիս Տիգրան Գյուրջյանը։- Սարդարապատ, Քուռ-Արաքսով պետություն 20 տարի ստեղծեցին եւ ինչ։ 1:10 զիջում ես Ադրբեջանին, 1:35-ի թուրքերին։ Որտեղ է տրամաբանությունը։ Այսօր Հայաստանը դաշնակից չունի»։
«100 տարի առաջ էլ չի ունեցել, 30 տարի առաջ էլ չի ունեցել»,- հակադարձում է Էլմիրան։
3D-ով դասընթացներ են վարում երկխոսության մասին
Ֆեյսբուքի օգտատեր Մարիամ Հովեյանը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Հ1-ով պարզ բան ասաց` Հայաստանի եւ Արցախի եղած լավ ու վատ առաջնորդներով համախմբվել, փոխանակվել ինֆորմացիայով եւ մեր բարդ խնդիրների համար լուծումներ մտածել։ Ինչ լուծման կգան` քննարկման արդյունքում պարզ կլինի։ Հնարավոր է չգան էլ, բայց երկխոսելու մեջ վատ բան կա՞։
Տարբեր արձագանքներ եղան, բայց անկեղծ ասած ամենից շատ ինձ զարմացնում ու հիասթափեցնում է տարիներով մասնակցայնության, թափանցիկության, հանդուրժողականության ու այլ կարեւոր գաղափարների շուրջ «աշխատած» մարդկանց դիմադրությունն ու հեգնանքը այս առաջարկին։ Հիմնականում ներկայում կամ անցյալում իրենց քաղհասարակության ակտիվ մաս հռչակած մարդկանց մասին է խոսքը, ովքեր գոնե իրենց շրջապատում կարծիք ձեւավորողներ են։ Թողնես, 3D դասընթացներ կվարեն քաղաքական երկխոսության մասին, հարցազրույցներ կտան, տասնյակ էջերով լոլոներ կգրեն կառուցողականության մասին։ Զրո արժեք ունի ձեր տարիների «աշխատանքը», եթե հարկ եղած պահին այդ նույն գաղափարները հեգնում ու փչացնում եք»։
«Մարիամ ջան, համարյա բոլոր պարամետրերով ես մտնում եմ էդ նկարագրության տակ։ Հետեւաբար, հարց եմ տալիս՝ ի՞նչ կապ ունի էդ ասածն ու տեղի ունեցած եկեղեցական ժողովը մեր ասած համերաշխության օրակարգի հետ։ Ըստ իս, դա ուղիղ հակառակն ա»,- գրում է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը։
«Ո՞րն ա ձեր ասած օրակարգը, ի՞նչ ձեւով ա ներկայացվել ու տիրաժավորվել հանրության շրջանում»,- հարցնում է Մարիամը։ Սահակյանը չի պատասխանում։
* Հեղինակի բառապաշարը «Ալիք Մեդիայի» համար ընդունելի չէ, բայց գրառումներն ու մեկնաբանությունները ներկայացված են առանց խմբագրման։ Միայն սրբագրվել են ուղղագրական, կետադրական սխալներն ու վրիպակները։