ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին՝ անմիջական ու կառուցողական բանակցությոնների համար:
Սալիվանը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ քննարկել են հետագա բռնություններից խուսափելու եւ հրատապ ու նպատակային բանակցություններ վարելու կարեւորությունը, ինչպես նաեւ կայուն ու տեւական խաղաղությանը միտված կոնկրետ քայլերը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել իր եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը։
«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարեւորել ենք վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը»,- ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է Արմեն Գրիգորյանը:
Հայաստանի ԱԽ քարտուղարը եւ Ադրբեջանի նախագահի օգնականն այս տարի երեք հանդիպում է ունեցել Բրյուսելում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: