Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Neue Zürcher Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ կանի հնարավորը՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի՝ դա բոլոր որոշումների հիմքն է:
«Դաշնային կառավարության դիրքորոշումն ակնառու է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- շեշտել է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն, ըստ նրա, Ուկրաինայում իրադրությունը շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես վերագնահատում է իրադրությունը, բայց երկրի քաղաքական ուղեգիծն անփոփոխ է: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ այդ ուղեգիծը համապատասխանում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը:
Գերմանական Bild պարբերականի պատվերով INSA հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի՝ ապրիլին անցկացված հարցման արդյունքում հարցումների ենթարկված գերմանացիների 43%-ը կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն: Մինչդեռ գերմանացիների 50%-ը դեմ է այդ գաղափարին: Օլաֆ Շոլցն էլ հայտարարել էր, որ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը գործնականում սպառված է:
Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչներ ԳԴՀ-ին վերջին շաբաթներին խիստ քննադատում են՝ Կիեւին հարձակողական զենք՝ մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ չուղարկելու համար: