ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կատաղություն հիվանդության դեպքերն աճել են. տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4554 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 4052 դեպք։
Հիվանդության պատմություն
Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է՝ պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով, կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր եւ պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու եւ այլնի հետեւանքով): Նաեւ վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում (լորձաթաղանթներով կամ մարդու վնասված մաշկով)։
Գաղտնի շրջանը
Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, հրաժարվում է խմելուց եւ ուտելուց, նկատվում է առատ թքարտադրություն, առաջանում են ջղաձգումներ, լուծանք, եւ կենդանին սատկում է:
Մարդկանց դեպքում հիվանդության գաղտնի շրջանի տեւողությունը 10 օրից մինչեւ 1 տարի է եւ պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տեւողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար):
Ի՞նչ անել կենդանու կծելու դեպքում
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաեւ բուժում, հետեւաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ եւ վայրի) կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու եւ համապատասխան պատվաստումներ ստանալու համար: