Ըստ ամերիկյան Politico-ի՝ հինգ գործող ու նախկին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ հայտնել են, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները եւ դաշնակիցները ուժեղացրել են հսկողությունը Ռուսաստանի միջուկային զենքի հանդեպ։
Բարդությունն այն է, որ Ռուսաստանն, ըստ ամենայնի, մտադիր է Ուկրաինայում ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական նշանակության միջուկային զենք կիրառել։
Դժվարություններ կան նաեւ ռուսական միջուկային զինանոցի մասին տեղեկությունների հասանելիության առումով։ Չի բացառվում նաեւ, որ ռուսական ինքնաթիռների մեծ մասը հագեցած է ոչ միայն սովորական, այլեւ ավելի նվազ հզորության միջուկային տակտիկական հրթիռներով։ Դրանք, ի տարբերություն ռազմավարական նշանակության միջուկային, օրինակ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, մարտադաշտում ավելի թիրախային կիրառության համար են։
Ռազմավարական նշանակության միջուկային հրթիռների դեպքում հստակ է․ դրանք կա՛մ մարտական հերթապահության են դրվում, կա՛մ նախապատրաստվում են զորավարժություններին, մինչդեռ տակտիկական միջուկային զենքի դեպքում հստակություն չկա։
Հետեւաբար ԱՄՆ-ն այդպես էլ կարող է չպարզել՝ ռուսական զորքերում սովորական մարտագլխիկները փոխարինվե՞լ են միջուկային մարտագխիկներով, թե՞ ոչ։ «Եթե, իհարկե, Պուտինը կամ նրա թիմը չուզենան, որ աշխարհը դրա մասին նախապես իմանա»,- ամփոփել է Politico-ի զրուցակիցը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը