Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ փորձում են ոչ միայն առավել տեսանելի դարձնել Սեւանի խնդիրները, այլեւ առաջարկել լճի առողջացման լուծումներ:
2020 թվականից նրանք համատեղել են իրենց ուժերը մշտադիտարկման նոր գործիքակազմ մշակելու համար: Յակոբեան բնապահպանական կենտրոնը վերծանում է «Կոպերնիկուս» համակարգի տվյալները՝ համադրելով դրանք վերջին երկու տասնամյակի ընթացքում տեսչական մարմնի հավաքած դաշտային տվյալների հետ:
Վերջնական նպատակը «Պոնտոս» հարթակի միջոցով լճի ջրի որակի մասին իրազեկության բարձրացումն է: Բայց մինչ այդ անհրաժեշտ է համադրել եղած տվյալները, վերլուծել, քարտեզագրել լճի առավել աղտոտված տարածքները եւ աղտոտման աղբյուրները:
Սակայն համադրման աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ. բացակայում են պարբերական եւ ամբողջական տվյալները, որոնք հնարավորություն կտային առավել ճշգրիտ արդյունք ստանալու:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ամեն ամիս ջրի նմուշառումներ է անում կամ տարեկան 7-8 անգամ, որը բավարար չէ նման բարդ լճի ուսումնասիրման համար: Առավել հաճախակի դաշտային ուսումնասիրությունները թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես ձեռնտու չեն: Այստեղ մեզ օգնության են գալիս արբանյակային պատկերները, որոնք արբանյակից ստացվում են 5-օրյա պարբերականությամբ»,- պարզաբանում է «Պոնտոս» ծրագրի եւ ՀԱՀ-ի հետազոտող Կարապետ Կազանջյանը:
Սեւանա լճի ծաղկման շրջանը տեւում է 10-15 օր, այս ընթացքում որոշակի պարբերականությամբ իրականացվող հետազոտությունների ընթացքում կարելի է բաց թողնել կարեւոր իրադարձություններ, մինչդեռ արբանյակներից կարելի է անգամ ամենօրյա ռեժիմով թարմացվող պատկերներ ստանալ ու պատկերացում կազմել ընթացող պրոցեսների մասին:
Հետազոտողների կարծիքով առաջին հայացքից էլ պարզ է, որ լճում ընթանում է էվտրոֆիկացիա, որի պատճառը ջրում օրգանական նյութի, հատկապես ազոտի ու ֆոսֆորի պարունակության ավելացումն է, որոնք պարարտանյութ են ջրիմուռների համար: Երկրորդը ցիանոբակտերիաների ակտիվացումն է, ինչն առաջնահերթ կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացմամբ է պայմանավորված:
«Ջերմաստիճանի բարձրացման վրա շատ ազդել չենք կարող, բայց ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը կարող ենք վերահսկել: Հենց այդ ուղղությամբ էլ մտածում ենք»,- ասում է Կազանջյանը:
Էվտրոֆիկացիայի դինամիկայով եւ արբանյակային տվյալների համադրմամբ հետազոտողները վերահաստատել են, թե որոնք են Սեւան օրգանական նյութի ներմուծման հիմնական աղբյուրները: Դրանք գետերն են, որոնք կոյուղատար են ծառայում ավազանի բնակավայրերին ու օբյեկտներին, եւ լճի ափամերձ հատվածների գյուղատնտեսական հողերում պարարտանյութերի օգտագործումը, որոնք անձրեւները լվանում ու լիճ են տանում: Ասել է թե, լճի առողջացումը հնարավոր է Սեւան թափվող գետերի մաքրման ու «Կանաչ գյուղատնտեսության» մոտեցումների ներդրման միջոցով:
Գետերի մաքրման հայտնի ճանապարհը մաքրման կայաններն են: Բայց կան նաեւ բնահենք լուծումներ, որոնք ավելի հեշտկիրառելի եւ էժան են: Հետազոտողների խումբը բացահայտել է, որ այն հատվածներում, որտեղ ափերին ճահիճներ կան, լիճն ավելի մաքուր է:
«Օրինակ՝ ափամերձ ճահիճները, որոնք կարող են բնական ֆիլտր դառնալ ու մաքրել ջուրը մինչ Սեւան թափվելը»,- ասում է հետազոտողը:
Մարտունի գետն է: Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչ ջուր է հոսում գետահունով: Ի տարբերություն սրա՝ Լիճք գետը շատ ավելի մաքուր է: Պատճառը ոչ միայն այն է, որ խոշոր բնակավայրով չի հոսում, այլեւ որ մինչեւ լիճ հասնելը ոլորապտույտներ ունի եւ ափամերձ հատվածում ծանծաղում է՝ վերածվելով ճահճուտի: Հենց այստեղ էլ ջուրը ֆիլտրվում է ու բավականին մաքրվում օրգանական նյութից: Մինչ լճի մակարդակի իջեցումը նման շրջանները շատ էին, ու ջուրը մինչեւ լիճ թափվելը գոնե կիսամաքուր էր:
Զրուցակիցս մեջբերում է Նիդերլանդներում կիրառվող տարբերակը, երբ աղտոտված, հարուստ օրգանական նյութ պարունակող գետը պատում են ջրոսպով: Այն նաեւ կիրառելի է գյուղատնտեսության ոլորտում որպես կեր թռչունների ու խոզերի համար, նպաստում է մոծակների վերացմանը, կարելի է օգտագործել նաեւ որպես գեղազարդիչ բույս պարտեզագործության մեջ, ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում։ Բազմարմատ ջրոսպ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի եւ Լոռու մարզերի գետափերին ու փոքր լճերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Մեկ այլ լուծում են գետափերի կանաչապատումը, եղեգների տնկումը: Դրանք կարող են կլանել օրգանական նյութն ու էականորեն բարձրացնել գետերի ինքնամաքրման հատկությունը:
Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ անտառային տարածքները՝ հասկանալու համար, թե ինչ հնարավոր կապ կա անտառային տարածքի նվազման ու լճի ջրի որակի միջեւ: Ի տարբերություն մյուս գործոնների՝ որեւէ կորելացիոն կապ չեն հայտնաբերել: Բայց այստեղ եւս հանդիպել են դժվարությունների. չկան ոչ միայն ամենամյա ու պարբերական տվյալներ, այլեւ հստակ տեղորոշման տվյալներ, որոնք հնարավորություն կտային առավել ճշգրիտ վերլուծություն անելու:
«Օրինակ՝ արբանյակային պատկերներով տեսնում ենք, որ, ասենք, Մարտունի տեղամասում անտառային տարածքի կորուստ կա 2009 թվականին: Բայց տեսչական մարմնի տվյալներում նշված չեն կոորդինատներ, որպեսզի մենք հասկանանք՝ հատատեղ է եղել, հրդեհ է եղել, թե մեկ այլ պատճառով է անտառային տարածքի կորուստը»,- ասում է ՀԱՀ հետազոտող Եվա Դանիելյանը:
Հայտնաբերելով տվյալների այս բացերը, որպես ծրագրի լրացուցիչ արդյունք, հետազոտողներն ու տեսչական մարմնի թիմը հետեւության են եկել, թե տեսչության հետագա աշխատանքն ինչպես է պետք կազմակերպել առավել որակյալ վերլուծություններ ու կանխատեսումներ անելու համար:
Հոկտեմբերին ծրագրի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կներկայացնեն հետազոտության վերջնական արդյունքներն ու «Պոնտոս» հարթակը: Դրա միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա ցանկացած պահի տեսնել, թե ինչ վիճակում է Սեւանը կամ ինչ փոփոխությունների է ենթարկվել նախորդ 20 տարիներին:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ «Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» «Պոնտոս» ծրագրի շրջանակում: Այն միաժամանակ իրականացվում է մի քանի երկրում: Եթե Հայաստանում հետազոտության տարածքը Սեւանի ավազանն է, ապա Վրաստանում՝ ամբողջ ծովափն ու Կոլխեթի ցածրավայրը, Հունաստանում՝ Նեստոս գետի դելտան, իսկ Ուկրաինայում՝ Օդեսա քաղաքից մինչեւ Դանուբի դելտան, Դնեստրի գետաբերանի լողափերն ու հանգստավայրերը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։