Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ռուսաստան, իսկ Ռուսաստանում բնակվող կամ ճամփորդող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Ռուսաստանի տարածքը։
«Ռուսաստանը կարող է մերժել երկքաղաքացիություն ունեցող անձանց` ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը, խոչընդոտել նրանց մեկնումը Ռուսաստանից եւ երկքաղաքացիություն ունեցող անձանց զինվորական ծառայության գնալու կոչ անել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարությունում նշվում է նաեւ, որ ԱՄՆ դեսպանատունը լուրջ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում, եւ պայմանները, ներառյալ տրանսպորտային հնարավորությունները, կարող են ավելի սահմանափակվել: Ուստի ԱՄՆ–ը կոչ է անում հնարավորինս շուտ ինքնուրույն միջոցներ ձեռնարկելու, քանի դեռ կոմերցիոն ուղեւորությունների համար սահմանափակ հնարավորություններ կան:
Միաժամանակ դեսպանատունը հիշեցնում է, որ Ռուսաստանում երաշխավորված չէ ԱՄՆ քաղաքացիների խաղաղ հավաքների եւ կարծիքների արտահայտման իրավունքը. «Խուսափե՛ք ցանկացած քաղաքական կամ սոցիալական բողոքի ցույցերից: Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են դրանց»։