Ղազախստանի՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում անշարժ գույքի վարձավճարը 1/3-րդով (մոտ 15-34 տոկոսով) ավելացել է՝ զորահավաքից խույս տված եւ Ղազախստան տեղափոխված կամ տեղափոխվող ՌԴ քաղաքացիների ձեւավորած պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված։ Ըստ անշարժ գույքի ոլորտում մասնագիտացող Krisha.kz կայքի՝ հիմնական գնաճը տեղի է ունեցել հանգստյան օրերին։
Անշարժ գույքի վարձակալության պահանջարկը հատկապես մեծ է Աթրիաու, Ուրալսկ, Աքթոբե, Կոստանայ, Պետրոպավլովսկ, Պավլոդար քաղաքներում, որտեղ անշարժ գույքի վարձակալության մասին հայտարարությունների դիտումներն աճել են 2-3 անգամ։
Անշարժ գույքի վարձակալության գները հատկապես աճել են Աթիրաու քաղաքում՝ 40 տոկոս, Աքթոբե եւ Ուրալսկ քաղաքներում՝ 34 տոկոս։ Կոստանայում վարձու տրվող բնակտարածքների գնաճը կազմել է 25 տոկոս, Պավլոդարում՝ 19 տոկոս, Սեմեեում եւ Պետրոպավլովսկում՝ 15 տոկոս։
Ալմաթիում եւ Աստանայում վարձակալությամբ տրվող բնակտարածքների գնաճը համապատասխանաբար 5,1 եւ 5,6 տոկոս է։ Booking.com-ի տվյալներով էլ, սեպտեմբերի 27-ի դրությամբ, Ալմաթիի կենտրոնում երկտեղանոց հյուրանոցային համարը արժե 300 դոլար, Աստանայում՝ 1250 դոլար։ Ընդ որում, ե՛ւ Ալմաթիում, ե՛ւ Աստանայում հյուրանոցային հագեցվածությունը մոտ 99 տոկոս է։
Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից 98 հազար ՌԴ քաղաքացի է մուտք գործել Ղազախստան, սակայն 64234-ն արդեն հեռացել է երկրից, ու հայտնի չէ՝ երրորդ երկի՞ր է գնացել, թե՞ վերադարձել է Ռուսաստան։
Ռուսաստանն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են, ու ՌԴ քաղաքացիները կարող են Ղազախստան մուտք գործել առանց վիզայի եւ մնալ մինչեւ 90 օր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը