Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյը մինչեւ շաբաթվա վերջ Հայաստան եւ Ադրբեջան կայցելի կողմերի միջեւ չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար:
«Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ եւ ադրբեջանցի գործընկերների բանակցությունների՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղեւորվի Բաքու, այնուհետեւ՝ Երեւան»,- նշել է պաշտոնյան։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Փարիզը պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի շրջանում տիրող իրավիճակը գնահատելու համար:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նախօրեին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, եւ ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– նշել է ֆրանսիացի նախարարն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Լեկորնուն նաեւ հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Միրզոյանը, ֆրանսիացի սենատորներին ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, բարձր է գնահատել ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները եւ սկզբունքային դիրքորոշումը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազն իր հերթին նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին եւ մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին: