Տավուշի մարզի Կոթի գյուղն ադրբեջանական ութ գյուղերի հետ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի։ Արդեն երեք տասնամյակ եւ ավելի այստեղի մարդիկ լիարժեք չեն կարողանում զբաղվել ո՛չ անասնապահությամբ եւ ո՛չ էլ հողագործությամբ․ բնակավայրը երեք կողմից թշնամու դիտակետում է։
Տարիներ շարունակ ադրբեջանցիները գողացել են կոթեցիների՝ սահմանագոտում հայտնված անասունները։ «Տեղն են պահել» նաեւ կրակոցները, որ մարդիկ իրենց դաշտերում վարուցանք անելու հնարավորություն չունենան։
«Առաջներում շատ էր ըլում, որ անասունը անց էր կենում, էլ կարում չէինք հետ բերենք։ Ո՞վ էր տվողը։ Բայց որ մեր պոստին ա հասնում, ընդիան զանգում են, որ ապրանքը անց ա կենում, հետ ենք տվել, էկեք, տարեք»,- պատմում է Կոթիի բնակիչ Նազիկ Եգանյանը։
Անասնապահ Կամո Բեջանյանն էլ հիշում է՝ տարիներ առաջ, երբ անասուններին սահմանին մոտ արածելու է տարել, կրակել են։
«Գուլլեն անցել ա վիրովս»,- ասում է գյուղացին։
Վերջերս խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմ մտած Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը, որ հինգ ամիս առաջ է անցել պաշտոնի, նշում է՝ վերջին տարիներին անասուններին աշնանը սարից իջեցնելուց հետո գյուղացիները մոտիկ դաշտերում են արոտի գործը կազմակերպում։
Հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ հատվածն, ըստ Հախվերդյանի, Կոթի գյուղի վարչական տարածքում գտնվող հողերի հաշվին է։
«Սահմանազատման աշխատանքները եթե ռեալ ու ճիշտ կատարվեն, 90-ականներին մերը եղած հողերը պետք է որ կարողանանք մշակել։ Դրանք 600-700 հա վարելահողեր են, արոտավայրեր, որ էս պահին չենք կարողանում տնօրինել եւ օգտագործել․ ականապատված են։ Սահմանազատումից հետո էլ պետք է ականազերծման աշխատանքներ արվեն»,- հավելում է գյուղի վարչական ղեկավարը։
Չնայած աշխատատեղերի բացակայությանը, գյուղատնտեսությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորություններին ու սահմաններում տիրող լարվածությանը՝ գյուղից արտագաղթի ալիք չկա։
Միայն 2015-2016 թվականներին է դեպի Ռուսաստան մեծ հոսք եղել։ Միանգամից 150 մարդ է հեռացել Կոթիից, ինչի հետեւանքով դպրոցում աշակերտների թիվը 250-ից հասել է 200-ի։
Գյուղի մանկապարտեզում էլ նախկին 52-ի փոխարեն հիմա 41 երեխա կա։ Ասում են՝ լավ թիվ է, հունվարին այն կմեծանա․ նոր երեխաներ են գալու։
«Հաճախումները միշտ լավ են եղել։ 2010-2012-ից հետո՝ ինտենսիվ կրակոցների տարիներին անգամ երեխաների թիվը չի նվազել։ Հենց կրակոցները դադարում էին, տեսնում էինք՝ ծնողը ձեռքից բռնել, երեխային բերել է մանկապարտեզ։ Զարմանում էինք, թե ոնց են ռիսկի դիմում»,- պատմում է մանկապարտեզի տնօրեն Դիանա Վերանյանը, ապա նշում՝ հիմա այն օրերի ապահովության զգացողությունը չկա, բայց երբ երեխաները հաճախում են մանկապարտեզ, կյանքի շարունակություն են ներշնչում։
Կոթիում մի քանի տասնյակ տղամարդկանց համար աշխատանք ասվածը պայմանագրային զինծառայությունն է, ոմանց համար էլ՝ սեզոնային արտագնա աշխատանքը։ Մեկ-երկու շատ փոքր արտադրամաս էլ մի քանի աշխատատեղի հարց են կարողանում լուծել։
«Մտածում ենք, որ սահմանազատման աշխատանքներից հետո գուցե ներդրողներ գան գյուղ,- ասում է Անդրանիկ Հախվերդյանը, ապա թերահավատորեն եզրափակում,- դուք էլ եք տեսնում՝ թշնամու դիտակետում է ամբողջ գյուղը։ Մեկ չորրորդ մասն է մենակ մի քիչ ապահով։ Ինձ թվում է՝ ոչ մի ներդրող էլ մեծ ռիսկի չի գնա ու էստեղ գումար դնի»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։