ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին զուգահեռ քննարկումներ են ընթանում, թե դա ինչ ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Խոսակցությունները հիմնականում ծավալվում են ռազմաքաղաքական խնդիրների շուրջ, թե կառաջանա անվտանգային վակուում, եւ Ադրբեջանն ավելի անկաշկանդ կհարձակվի Հայաստանի վրա։ Թե ՀԱՊԿ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանը դա կհամարի հարված իր հեղինակությանն ու արդեն բացահայտորեն կխրախուսի հարձակումը մեր երկրի վրա։ Թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց 5 րոպե առաջ Հայաստանը պետք է լուծած լինի իր անվտանգային խնդիրները։
Չեն քննարկվում, սակայն, տնտեսական հետեւանքները, որոնք կարող են ոչ պակաս ծանր լինել, եւ որոնք կարող են անվտանգային խնդիրներ առաջացնել։ Իհարկե, Հայաստանը ՀԱՊԿ, նույնն է թե՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առանձնապես տնտեսական հարաբերություններ չունի, այս դեպքում խոսքը վերաբերում է հիմնականում Ռուսաստանին, որի հետ կապված ենք բազում թելերով։ Եվ Ռուսաստանը ծանր կտանի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլն ու հաստատ անպատասխան չի թողնի։ Անգամ անտրամաբանական կլիներ, որ ըմբռնումով մոտենա եւ ոչինչ չձեռնարկի։
Այդ տեսանկյունից առաջինը, որ կանի, անմիջապես կդադարեցնի գազի մատակարարումը կամ կտրուկ կբարձրացնի գինը։ Այս հարցում ընդհանրապես չպետք է երկմտել, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եվրոպական գազի շուկայում. Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Ռուսաստանը բազմապատկեց Եվրամիության երկրներին վաճառվող գազի գինը, այն գերազանցեց անգամ 2000 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։ Իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը սպառնացել է, որ այն կհասնի 3500 դոլարի։ Ընդամենը երկու տարի առաջ 200 դոլարից ցածր էր։
Հեռուն չգնալով՝ հիշեցնենք, որ 2016 թվականին, երբ վարչապետ նշանակվեց «Հայռուսգազարդ» ընկերության երկար տարիների տնօրեն եւ ռուսական կադր համարվող Կարեն Կարապետյանը, ՌԴ-ն Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին 15 դոլարով նվազեցրեց՝ 165 դոլարից դարձնելով 150 դոլար։ Իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ-ն գազը նույնքան թանկացրեց։
Իսկ ավելի վաղ՝ 2013-ին, հայտնի գազային համաձայնագրով Հայաստանին պարտադրեց ռուսական էներգետիկ ընկերությունների համար տարեկան 9 տոկոս շահութաբերություն ապահովել։ Անցած տարի Հայաստանը դա չկարողացավ անել, քանի որ չաշխատեց «Գազպրոմ-Արմենիային» պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Եվ այդ պատճառով ընկերության կրած վնասները փոխհատուցելու համար տարեսկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացրեց էլեկտրաէներգիան։
ՌԴ-ն կարող է խնդիրներ ստեղծել նաեւ էներգետիկ մյուս օբյեկտում՝ ատոմակայանում, քանի որ դրա գործարկման համար անհրաժեշտ միջուկային վառելիքը նույնպես այդ երկրից է ձեռք բերվում։ Այդ երկիրն է իրականացրել ՀԱԷԿ-ի գործարկման ժամկետը 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը երկարացնելու աշխատանքները, հաջորդ 10 տարվա համար նույն աշխատանքները նորից ինքն է անելու։ Իսկ ատոմակայանը մեր էներգետիկ ոլորտի կարեւորագույն օբյեկտներից է, նա է արտադրում մեր էլեկտրաէներգիայի մոտ 33 տոկոսը։
Ընդհանրապես Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին է պատկանում էլեկտրաէներգիան մեր տներ հասցնող ՀԷՑ-ը։ Իհարկե, էներգետիկ այս բոլոր ընկերությունները պետության վերահսկողության տակ են, պետական տարբեր կառույցներ համակարգում են նրանց գործունեությունը։ Բայց մինչ նրանք կփորձեն որեւէ քայլ ձեռնարկել, այդ ընկերությունների սեփականատերերը կարող են կաթվածահար անել մեր երկրի էներգետիկ համակարգը եւ ծանրագույն վնասներ հասցնել մեր երկրի թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներին։ Ինչու չէ, նույն պաշտպանության ու տեղեկատվության ոլորտներին՝ ստեղծելով կատարյալ քաոս եւ խուճապ։
Նույն Սամվել Կարապետյանի միջոցով Ռուսաստանը տիրապետում է էներգետիկ այլ օբյեկտների եւս՝ «Հրազդանի ՋԷԿ» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերություններին։ «Հրազդանի ՋԷԿ»-ն էլ ատոմակայանից եւ «Երեւան ՋԷԿ»-ից հետո 3-րդ խոշոր արտադրողն է եղել։ Իսկ ՄԷԿ-ը տնօրինում է Սեւան-Հրազդան կասկադի ակտիվները՝ ներառյալ 7 ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի երկայնքով, Սեւանա լճի եւ Երեւան քաղաքի միջեւ։
Ռուսաստանի հավատարմագրային կառավարմանն է հանձնված Հայաստանի երկաթուղին, որով իրականացվում է մեր երկրի բեռնափոխադրման մոտ 20 տոկոսը։ Ճիշտ է, այն շատ սահմանափակ երթուղի ունի՝ հասնում է միայն Վրաստանի Փոթի նավահանգիստ, բայց ոլորտում կարեւոր այլընտրանք է։ Առիթի դեպքում մեր ռազմավարական գործընկերը չի վարանի եւ կարող է խաթարել նաեւ մեր երկաթուղային փոխադրումները։
Սրանք բնական մենաշնորհների կամ ռազմավարական ոլորտներում սպասվող խնդիրներն են, որոնց, անկասկած, կբախվենք, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Եվ անվտանգային հարցերը լուծելուն զուգահեռ Հայաստանն այս ոլորտներում էլ պետք է այլընտրանք ապահովի։ Այսինքն՝ ապահովի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, լուծի երկաթուղային փոխադրումների հարցը։ Բայց սրանք միակ խնդիրները չեն, որոնց կբախվի մեր երկիրը, տնտեսական ոլորտում մենք ունենք բազմաթիվ այլ կապեր, որոնք հասնում են Ռուսաստան, եւ որոնք կփլուզվեն, եթե որոշենք դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց այդ մասին՝ հաջորդ դասին։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։