Հայ մարդը պետք է սովորի նայել աղետի աչքերին:
Ճապոնիան տեսել է ամեն ինչ՝ կապիտուլյացիա, երկրաշարժ, ցունամի, հրաբուխ, այսօր արդեն կանգնած է նույնիսկ երիտասարդություն չունենալու փաստի առաջ (ծնելիությունն աղետալի է նվազել), կորցրել է Կուրիլները, իսկ պետականություն չունենալու խնդիր չունի:
Իսրայելը սրանցից ոչ մեկը չի տեսել, բայց ամեն օր, Աստծո ամեն օր իր «մի մատ» հալով պատերազմի մեջ է իրենից մի քանի անգամ մեծ պետությունների հետ: Տարածքներ է գրավել ու սուսուփուս զիջել է այդ գրաված տարածքները: Կրկին պետականություն ունենալու խնդիր չունի: Որովհետեւ ներքին գզվռտոցի լիմիտ ունեն: Էդ լիմիտն օգնում է ապրելու աղետի մեջ, ուղիղ նայելու աղետի աչքերին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մաքուր հայերենով ասում է, որ էլ խաղեր տալու տեղ չկա, Հայաստանն այլեւս չի կարող խաբս տալ ռուս-թուրք-ադրբեջանական ռազմական գերազանցությանը, իսկ մենք ասում ենք՝ հլը տե՛ս, էլի խոսում է Ղարաբաղը տալու մասին:
Իսկ ի՞նչ է անում Տեր-Պետրոսյանը՝ պատմում է աղետը: Ոչ թե կանխատեսում է, ոչ թե փափագում է, ոչ թե հորինում է, ոչ թե չափազանցում է կամ մեղմացնում, այլ պատմում է: Այսինքն՝ պատմում է եղած բանը: Սեւով սպիտակի վրա ասում է՝ այսպես շարունակվելու դեպքում կես տարի հետո Հայաստան չի մնա:
Ասենք թե չի ասում: Ասենք թե էլի նստում է տանը: Եվ ի՞նչ: Այսօր արդեն չի երեւո՞ւմ, որ Հայաստանի բանը բուրդ է: Տեր-Պետրոսյանն ինչի՞ է բոլոր անհաշտներին հավաքել իրար գլխի: Որովհետեւ ներքին գզվռտոցն արդեն չափերն անցնում է:
Եվ ի՞նչ է ասում առաջին նախագահը: Նա ասում է՝ աղետը փոխել չենք կարող: Այն պետք է «կերակրվի»: Ով էլ գա, չի կարողանալու իրավիճակը դեպի լավը փոխել, եթե ավելի չվատացնի: Բայց դրա համար պետք է պատկերացնել աղետը, պետք է զգալ այն: Իսկ ովքե՞ր կարող են զգալ կամ պատկերացնել, նրանք, որոնք գնալու կամ փախչելու տեղ չունեն, նրանք, որոնց միակ ապաստանը Հայաստանն է, նրանք, որոնք իրարից չեն տարանջատում իրենց ու պետականությունը:
Առաջին նախագահը փորձել է հասկանալ, թե արդյոք երկրորդ կամ երրորդ նախագահներն ունեն այդ չտարանջատումը: Նա չի ասում՝ Ղարաբաղը տանք պրծնենք, որովհետեւ մեզնից Ղարաբաղ ուզող էլ չկա: Նա չի ասում՝ Ադրբեջանին թողնենք Հայաստանից գրաված հողերը: Նա ասում է՝ աղետի մեջ իրար հասկանալն այլընտրանք չունի, որովհետեւ չհասկանալն ամբողջացնում է աղետը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: