ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը թուլացնելու գործընթացում։
Փրայսը նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում։
«Նախորդ շաբաթ նա պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- շեշտել է Փրայսը։
Խոսնակը հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ։
Փրայսը հիշեցրել է նաեւ վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, ներառյալ մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու եւ զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։