«Միջազգային ճգնաժամային խումբ» հետազոտական կենտրոնը (ICG) սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերջին սրացման վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Զեկույցում նշվում են այն պատճառները, որոնք նպաստել են լարվածության սրմանը: Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից, որն Արցախի հարցից շեղել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ուշադրությունը: Միեւնույն ժամանակ Բաքուն օգտագործում է նաեւ Եվրամիությանը գազ մատակարարելու իր հնարավորությունը՝ աշխարհաքաղաքական առումով ամրապնդելով իր դիրքերը:
Ըստ զեկույցի՝ մյուս պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապում է՝ ձգտելով առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնագիր կնքելու: Բանն այն է, որ 2023-ի հունիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Դրանց ընթացքում նախագահ Էրդողանի դիրքերը, ամենայն հավանականությամբ, կթուլանան, եւ վերջինս Հայաստանի հետ բանակցություններում չի կարողանա շարունակել լայն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:
Իբրեւ լարվածության հաջորդ պատճառ նշվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան «միջանցք» ստանալու, որը լինելու է ռուսական վերահսկողության տակ։
Ադրբեջանը ձգտում է ճնշում գործադրելու Հայաստանի վրա՝ վերադարձնելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերը: Հայաստանն իր հերթին ունի մեկ անկլավ Ադրբեջանում:
«Միջազգային ճգնաժամային խմբի» կարծիքով նման պայմաններում դժվար կլինի խաղաղություն հաստատելը: Նշվում է, որ վերջին հարձակումը խարխլել է բանակցությունների հարցում Բաքվի նկատմամբ Երեւանի վստահությունը: