Վրացական ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն իշխանություններից պահանջում է Վրաստանի պետական դպրոցներում աշակերտներին անվճար սննդով ապահովելու ծրագիր ներդնել։ Կուսակցության ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Աննա Ցիտլիձեն հայտարարել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են խորհրդարանին՝ կառավարությանը եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խնդրելով աջակցել այս առաջարկին։
Ցիտլիձեն մանրամասնել է. NDI-ի (Ազգային ժողովրդավարական ինստիտուտի) հետազոտությունները ցույց են տվել, որ Վրաստանում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ընտանիքին սննդով ապահովելու հարցում գումարի անբավարարության խնդրին է բախվում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երրորդ երեխան Վրաստանում լիարժեք չի սնվում։ Հարկավոր է, որ պետությունն իր վրա վերցնի երեխաներին անվճար սննդով ապահովելը:
Պատգամավորը նշել է, որ ըստ «Ձայն» հանրային շարժման անցյալ տարի իրականացրած ուսումնասիրության՝ վրացի դպրոցականների 77 տոկոսը դասերի ժամանակ քաղց է զգում։ 35 տոկոսը մշտապես քաղցի զգացողություն է ունենում, 42 տոկոսը՝ երբեմն։
Վրաստանում պետական դպրոցներում սովորում է 549 հազար երեխա։ Վրացական ընդդիմության հաշվարկներով՝ եթե նման ծրագիր ներդրվի պետական դպրոցներում, պետության վրա դա կնստի տարեկան 100 միլիոն լարի։ Ցիտլիձեն պնդում է, որ բյուջետային միջոցների ճիշտ բաշխմամբ նման միջոցներ հնարավոր է գտնել։
Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել է, որ կառավարությունում աշխատում են դպրոցականներին անվճար սննդով ապահովելու հարցով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը