Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված եւ սեպտեմբերի կեսի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։
Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Լին Թրեյսին այցելել է հրետակոծությունից տուժած Ակներ գյուղ։ Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։
Սյունիքի մարզ այցելած ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հայտարարել էր, որ այս հակամարտությունը Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է:
«Ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»,- շեշտել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսին։