ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի անկախությունից հետո երրորդ մարդահամարը։
Ըստ նրա՝ սա տարբերվելու է մյուս երկու մարդահամարներից: Նա նշել է, որ նախկինում հաշվարկողները մտնում էին յուրաքանչյուր տուն ու տեղեկությունները լրացնում էին թղթային տարբերակով։ Ներկայում հարցադրումներն արվելու եւ գրանցվելու են պլանշետների միջոցով։
Կույումջյանը նշել է, որ այս մարդահամարը պետք է արվի համակցված ձեւով․ ռեգիստրի վարչական աղբյուրներից ստացված տվյալները համակցվելու են ընտրանքային կամ ամբողջացված հետազոտական տվյալների հետ։ Հայաստանի պարագայում բնակչության ռեգիստրի տվյալները պետք է համակցվեն 25 տոկոս ընտրանքով ձեւավորված եւ հարցազրույցների միջոցով հավաքված տվյալների հետ։
Մարդահամարի բաժնի պետը ավելացրել է, որ եթե անձը մեկ տարուց ավելի բացակայի երկրից, նա չի ներառվի մշտական բնակչության կազմում։ Կարինե Կույումջյանը հավելել է, որ անձը կարող է հրաժարվել հարցերին պատասխանելուց, եթե դրանք վերաբերում են ազգությանը եւ լեզուներին։
2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 էր
Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 11 տարի առաջ` 2011-ին։ Դրա տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար 509 է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200 մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 71 հազար 700 մարդ:
2022-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,1%-ը եղել է աշխատունակ բնակչությունը՝ 16-62 տարեկան, 21,4%-ը` աշխատունակ տարիքից ցածր՝ 0-15 տարեկան, իսկ 15,5-ը` աշխատունակ տարիքից բարձր՝ 63 եւ ավելի տարեկան բնակչությունը: Հայաստանի 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ՝ 245 տարեց եւ 0-15 տարեկան 340 երեխա: