Հունաստանն ու Ֆրանսիան Էգեյան ծովում սկսել են համատեղ զորավարժություններ, որոնք շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Ըստ թուրքական Milliyet-ի՝ Հունաստանն այս զորավարժություններին մասնակցում է իր բոլոր ռազմանավերով, ռազմական ինքնաթիռներով, ուղղաթիռներով ու հատուկ ստորաբաժանումներով։
Ըստ լրատվամիջոցի՝ զորավարժություններն անցկացվում են Էգեյան ծովի այն կղզիներում, որոնք միջպետական համաձայնագրերով դեմիլիտարիզացված կարգավիճակ են ստացել։
Թուրքական մամուլում հրապարակվել են նաեւ Էգեյան ծովի տարածքում անօդաչու թռչող սարքերից արված լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է Հունաստանը շարունակում զինտեխնիկա կուտակել կղզիներում։ Այս հարցի շուրջ լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս անդրադարձել է Հունաստանի հետ լարվածությանն իր վերջին հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ ԱՄՆ-ը հավասարապես արդարացի չի վարվում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների հետ։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներից մեկն է թե՛ իր կատարած վճարումների, թե՛ ցամաքային ուժերի տեսանկյունից։
«ԱՄՆ-ի՝ Սիսամ եւ Միդիլլի կղզիներում զինտեխնիկայի տեղակայումն անընդունելի է։ Ամերիկյան զրահամեքենաներն օգտագործվում են մեզ սպառնալու նպատակով։ Ես դիմում եմ ԱՄՆ-ին․ Թուրքիայի նման դաշնակցի չես կարող գտնել։ Մենք արդեն զգուշացրել ենք թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Հունաստանին։ Ներկայումս Հունաստանում, ընդհանուր առմամբ, կա 9 ամերիկյան ռազմաբազա։ ԱՄՆ-ից ակնկալում ենք Հունաստանին սխալ հաշիվների մեջ չխառնել ու միջազգային հանրությանը չմանիպուլացնել»,- հավելել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Անկարան բողոքի նոտա էր հղել Վաշինգտոնին եւ Աթենքին դեմիլիտարիզացված կղզիներում նոր զինտեխնիկա կուտակելու առիթով։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը