Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր եւ տեղում ծանոթացել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքներին։
Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ միայն Սոթք համայնքում վնասվել է շուրջ 148 տուն։ Դրանցից մի քանիսի ավերակներն արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու։ Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ շրջայցից հետո դիվանագետները կհամոզվեն, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը հստակ թիրախավորվել են։
Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը եւ այլք:
Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Նախորդ շաբաթ էլ դիվանագետներն այցելել էին Ջերմուկ քաղաք։