Հայաստանում կավճի շուրջ 50 տոկոսը Վայոց ձորի սահմանապահ Նոր Ազնաբերդ գյուղից է մատակարարվում։ Սահմանից Սյունիք, Գեղարքունիք, Հայաստանի այլ շրջաններ եւ Արցախ հասնող կավիճն արտադրում է խնձորուտցի Ռոբերտ Գրիգորյանը։
Քսանվեցամյա Ռոբերտն այն փոքրաթիվ երիտասարդներից է, որ ուսումն ավարտելուց հետո վերադարձել են հայրենի սահմանապահ գյուղ ու որոշել սեփական բիզնեսը սկսել։ Տնտեսագիտական կրթությամբ տղան սկզբում մտածել է թղթե տոպրակների արտադրության մասին, սակայն դա ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջել։ Հետո տեղեկացել է կավճի արտադրության մասին ու գործող ձեռնարկությունը գնել, իր նորարարություններն ավելացրել ու սկսել աշխատել։
«Մինչեւ վերջնական որոշում կայացնելը բավական երկար ժամանակ ուսումնասիրել եմ շուկան։ Հասկացա, որ դաշտն ազատ է, ու հնարավոր է հաջողության հասնել»,- ասում է Ռոբերտը։
Երեւանն ու երեւանամերձ տարածքները տնտեսապես զարգացած են, ինչն անկայուն տնտեսություն է համարվում: Զարգացած պետություններում տնտեսությունը երկրի բոլոր տարածքներում հավասարապես է զարգանում: «Սա մեծագույն խնդիր է։ Թեկուզ փոքր քայլերով, բայց պետք է աշխատենք ապակենտրոնացման ուղղությամբ»,- նշում է Ռոբերտը։
Երիտասարդի բիզնեսը ոչ միայն իրեն է շահույթ բերում, այլեւ լավ օրինակ է։ Շատերը, տեսնելով հաջողված փորձը, մտածում են անձնական նախաձեռնությունների մասին։ Ռոբերտի կարծիքով՝ դա կարող է նպաստել, որ ավելի շատ երիտասարդներ որոշեն մնալ գյուղում։
«Ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է սահմանին կից գործունեություն ծավալել, որը համայնքի բնակիչներին աշխատատեղերով կապահովի, կբարելավի նրանց սոցիալական վիճակը, երիտասարդ ընտանիքները չեն լքի սահմանապահ համայնքը: Սա մեր երկրի կայունության համար մեծ դեր ունի․եթե ունենանք կայուն համայնք, կունենանք կայուն երկիր՝ կայուն տնտեսությամբ»։
Նոր ոլորտում հիասթափություններն անխուսափելի են, ռիսկերը՝ մեծ։ Անհրաժեշտ է հավատացող ու չհուսահատվող թիմ։ Հենց նման թիմերի ձեւավորումն էլ Ռոբերտը հաջողության հիմնական գրավականն է համարում։ Ընտանիքով են աշխատում, բայց արդեն աշխատող են ընդունել: «Առողջ թիմ, առողջ համայնք, առողջ պետություն․շղթան բոլորի առկայության դեպքում է հաջողում»։
Որպեսզի երիտասարդները վերադառնան գյուղ, ոչ թե պետք է մտածեն, որ իրենց աշխատանք կտան, այլ իրենք կդառնան այդ աշխատատեղը հիմնողը։ Գյուղերում պակաս շատ բան կարող է լրացվել հենց իրենց միջոցով․ «Եթե ուզում են ունենալ զարգացած բնակավայր, որտեղ առօրյան աշխույժ կլինի, իրենց ներուժը պիտի ներդնեն, գիտելիքն օգտագործեն»։
Երիտասարդ ձեռնարկատերը կարեւորում է համայնքային մտածողության ձեւավորումը․ միայնակ մարդն արդյունքի չի հասնի, թիմային աջակցության ու փոխօգնության կարիք կա: Պետք է հասկանալ, որ համայնքն ու երկիրը նույնն են։ Ռոբերտը նախատեսում է գարնանը նոր հաստոցներ գնել ու մեծացնել արտադրության ծավալները, կավիճը Հայաստանից արտահանել։ Որոշել է՝ նոր աշխատողները կանայք են լինելու։
«Տղամարդիկ գյուղում էլի մի բանով զբաղվում են, պայմանագրային զինծառայողներ են հիմնականում։ Կանանց համար աշխատատեղեր չկան, զբաղմունք չունեն, դրա համար էլ անընդհատ մտածում են քաղաք տեղափոխվելու մասին»։
Ռոբերտն արտադրում է էկոլոգիապես մաքուր կավիճ, շուկայում միակն է։ «Մեր արտադրած կավիճը թե՛ որակով, թե՛ գնով առավել ձեռնտու է տնտեսվարողներին։ Ներկրված կավիճը պարունակում է քիմիական հավելումներ, ինչն ազդում է որակի վրա»։ Նա որակը բնութագրող արտահայտություն էլ ունի՝ իրենց արտադրած «մեկ կիլոգրամ կավիճը գրում է մեկ կիլոմետր»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: