ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովը հանդիպումը։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տեւական խաղաղության Հարավային Կովկասում, եւ նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– նշել է ԱԳՆ խոսնակը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում՝ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում:Սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը: