Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ Վացլավի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցի՝ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ կառավարության հրաժարականի պահանջով: Ցուցարարները դեմ են Չեխիայի կառավարության աջակցությանը Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցներին։ Ցույցն ընթացել է «Նախ եւ առաջ Չեխիան» կարգախոսով։
Ցուցարարները հայտարարել են, որ ԵՄ-ի իրականացրած եւ չեխական կառավարության աջակցած գործողությունները վնասում են Չեխիայի շահերին, պատժամիջոցների պատճառով Չեխիան Ռուսաստանից էժան գազ չի ստանում։ Ըստ DPA-ի՝ ցույցի մասնակիցները պահանջել են նաեւ դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը եւ սպառազինությունների մատակարարումը Կիեւի վարչակարգին։ Նրանք պնդել են, որ Չեխիան ռազմական առումով պետք է պահպանի չեզոքություն, թեեւ ՆԱՏՕ-ի անդամ է։
Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել չեխ հայտնի պրոֆեսոր Միրոսլավ Շեւչիկը։ Վերջինս, սկսած 2015 թվականից, բազմիցս քննադատել է Եվրամիությանը։ Շեւչիկն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարվածում են հենց Եվրամիությանը։
Ցույցի ընթացքում «աջ ծայրահեղականի» համարում ունեցող մի խմբի կատարմամբ հնչել է Չեխիայի ազգային հիմնը:
Սա Չեխիայում վերջին մեկ ամսում Ռուսաստանի օգտին անցկացված երկրորդ ցույցն է։ Համանման հայտարարություններով ցույցեր տեղի են ունեցել նաեւ Օստրավում եւ Բրնոյում։ Բոլոր ցույցերի կազմակերպիչները ազգայնական եւ եվրասկեպտիկ ընդդիմադիր կուսակցություններն են, ինչպես նաեւ մի շարք հանրային ու մեդիա գործիչներ, որոնք չեն թաքցնում ռուսամետ կողմնորոշումը։
Նախորդ նման ցույցը Պահայում տեղի էր ունեցել սեպտեմբերի երեքին՝ «Ամեն ինչից վեր Չեխիան է» կարգախոսով։ Հայտարարվել էր, որ եթե մինչեւ սեպտեմբերի քսանհինգը կառավարությունը չհեռանա, կհայտարարեն համընդհանուր գործադուլ, որին կաջակցեն արհմիությունները: Սակայն այս անգամ նման հայտարարություններ չեղան։ Տեղի լրատվամիջոցների գնահատմամբ՝ առաջին ցույցի մասնակիցների թիվը զգալիորեն շատ էր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը