Ռուսաստանում հայտարարված է դե ֆակտո համընդհանուր, դե յուրե՝ «մասնակի մոբիլիզացիա»։ Պատճառը ուկրաինական հաջողված հակագրոհն ու Ռուսաստանի մարտավարական պարտությունների շարքն են ուկրաինական պատերազմում։
Այդ ամենին գումարվեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ֆիասկոն Սամարղանդի, այսպես կոչված, «դիկտատորների հավաքում»։ Պարզվեց՝ որքան էլ Պուտինը ցանկանում է իրեն ներկայացնել Արեւելքի հեգեմոն ընդդեմ Արեւմուտքի «դիկտատուրայի», նրա «պոտենցիալ» գործընկերներն այնքան էլ համամիտ չեն դրան, դեմ են պատերազմին եւ, ընդհանրապես, հայտարարում են, որ ժամանակն է ավարտելու այն։ Մանավանդ որ այդ շրջանակները հարգում են միայն ուժն ու բռնությունը, իսկ պուտինյան բանակները, պարզվեց, այնքան էլ գերհզոր չեն, եւ արդեն ութ ամիս է՝ չեն կարողանում գրավել գոնե իրենց հայտարարած տարածքները։
Թե՛ Չինաստանը, թե՛ միջինասիական պետությունները անհանգստացած են պատերազմով եւ ամենեւին պատրաստ չեն Պուտինի ամբիցիաները բավարարելու համար իրենց վրա կրելու ԱՄՆ եւ հավաքական Արեւմուտքի պատժամիջոցները։
«Մասնակի մոբիլիզացիայի» հայտարարման առաջին եւ գլխավոր պայմանը «հավաքական արեւելքի» չեզոքությունն ու չաջակցելն էր պարտվող ու հեղինակազրկվող Ռուսաստանին ու նրա առաջնորդին։ Մյուսն, իհարկե, քանակով որակի դեմ մարտավարությունն է, երբ որոշվել է, որ կարելի է մարդկային կյանքի՝ թնդանոթի մսի գնով կանգնեցնել ուկրաինական հակահարձակումը եւ, ինչու ոչ, անցնել հարձակման։
Այդ մոբիլիզացիան ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլեւ բուն Ռուսաստանում Պուտինի ու նրա դիկտատորական ռեժիմի հեղինակազրկման սկիզբն էր։ Հեղինակազրկում, որը մոբիլիզացիայի հիմքով հղի է նաեւ լուրջ սոցիալական հուզումներով եւ տասնյակ տարիներ տեւած հանրային համաձայնության փլուզմամբ։
Իսկ Պուտին-ժողովուրդ հանրային համաձայնությունը երկու անկյունաքար ուներ. հաց՝ լոյալության դիմաց եւ պատերազմ՝ միայն հեռուստացույցով։ Հիմա այդ երկու հիմքերն էլ փլուզվեցին, փլուզվեցին նախ սոցիալական բարեկեցության հիմքերը՝ հավաքական Արեւմուտքի աննախադեպ պատժամիջոցների հետեւանքով, եւ գործը հասավ արդեն ուղղակիորեն մարդկանց՝ պուտինյան էլեկտորատի կյանքերին։ Վերաձեւակերպելով դասականին՝ դիկտատուրան սկսեց խժռել սեփական էլեկտորատը, սեփական հանրային կոնսենսուսի զավակներին։
Հանրային դժգոհության ալիքն ու հուզումները սկսվեցին միանգամից՝ սահմաններին բազմահազարանոց հերթերով, զորահավաքից փախչելով, փրկելով սեփական կյանքն ու չմասնակցելով պատերազմին։ Տասնյակ կիլոմետրանոց հերթեր՝ ռուս-ղազախական ու ռուս-վրացական սահմաններին։ Ցույցեր խոշոր քաղաքներում ու բնակավայրերում, զինկոմիսարիատների հրկիզումներ, զինկոմների վրա մահափորձեր եւ այլն։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանից հեռանում է միջին խավը, տնտեսության հիմնական աշխատուժն ու շարժիչ ուժը՝ բարձր որակավորմամբ, բարձրակարգ կրթությամբ ու մրցակցային մասնագիտություններով, որոնք կիրառելի են ցանկացած երկրում։ Ինչպես շատերը կատակով նշում են, «փարավոն» Պուտինը ինքն իր ժողովրդին վռնդում է երկրից։
Մյուս կողմից՝ մոբիլիզացիան նաեւ շոկ ու իսկական քննություն է պետական մեքենայի՝ վարչահրամայական համակարգի ու կոռուպցիոն-կլիենտական ցանցերի համար։ Հազարավոր դասալիքներ, կաշառակերության աննախադեպ աճ, կեղծ բժշկական տեղեկանքներ, որակավորված աշխատուժի արտահոսք, տնտեսության կաթված, տնտեսական մեխանիզմների խաթարում, եւ դա մոտավորապես 100 մլն մարդու շրջանում։ Չէ՞ որ եթե հայտարարվում է, որ ՌԴ-ն ունի 25 մլն ռեզերվ, իսկ դրանք նաեւ ընտանիքներն են, այսինքն՝ 25×4, ստանում ենք ոչ միայն ռազմական, սոցիալական ու հանրային, այլեւ տնտեսական կատաստրոֆա։
Պուտինը, փաստորեն, փորձելով շանտաժի գնալ եւ բարձրացնել խաղադրույքը՝ ավելի վախեցնելու եւ ստիպելու նահանջել հակառակորդին, էլ ավելի թաղվեց սեփական ավանտյուրայի մեջ, այս անգամ արդեն ինքն իր ձեռքով երկրորդ, ներքին ճակատ բացելով իր ռեժիմի դեմ՝ արդեն երկրի ներսում։
Այդ շանտաժը նաեւ համեմվում է ատոմային զենքի կիրառման սպառնալիքով։ Իսկ դրա հիմքը հապճեպ անցկացված «միացման հանրաքվեներն» են լինելու Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում ու Զապորոժիեում։ Ինչպես դառը կատակով հայտարարել էր Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը, մենք հաղթեցինք ռուսական պրոֆեսիոնալ բանակին, հիմա ժամանակն է վերջ տալ սիրողականին։
Ստացվում է՝ պուտինյան ռեժիմը, գտնվելով աննախադեպ պատժամիջոցների տակ, ունենալով զենք-զինամթերքի պակասորդ, ահռելի մարդկային ու նյութական կորուստներ եւ չկարողանալով կառավարել այդ խնդիրները, փոխանակ նվազեցնելու իր հավակնությունների շրջանակը, հակառակին է դիմում։ Ռեժիմն էլ ավելի է բարձրացնում իր ակնկալիքների նշաձողը՝ մեծացնելով Ռուսաստանն օկուպացված շրջաններով, ավելացնելով առանց այն էլ անկառավարելի զինված մարդկանց քանակն ու փորձելով գնալ վա-բանկ, որը կարող է ռեժիմին կյանք արժենալ, իսկ Ռուսաստանին՝ աննախադեպ սոցիալական ու քաղաքական ճգնաժամ։
Մի նոր աֆղանական պատերազմ՝ առանց ԽՍՀՄ անծայրածիր ռեսուրսների ու կառավարման անհամեմատ բարձր որակի։ Եվ սա այն դեպքում, երբ առաջին զոհերն ու դիակները հետ չեն եկել, իսկ երբ դա լինի, ներկայիս խնդիրները ծաղիկներ կթվան պուտինյան ռեժիմի համար։ Քաղաքական ինքնասպանության ավելի լավ փորձ հնարավոր չէ պատկերացնել, երբ թմրամոլն ավելի ու ավելի է բարձրացնում թմրանյութի դոզան՝ հույսով, որ կմեղմի օրգանիզմի պահանջն ու մարմնի ցավերը։ Այնինչ մարմինն այլեւս նախկինը չէ, եւ գոնե եղածը փրկելու համար վաղաժամ վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։