ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել երկու նոր նախաձեռնությամբ։ Դրանցից մեկը կարգավորումներ է ենթադրում 2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձեւի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից եւ արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։
Եվս մեկ փոփոխությամբ Մենենդեսն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը: Սա Ադրբեջանին ուղղակիորեն կզրկի ամերիկյան ռազմական օժանդակությունից: Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որեւէ մեկին չուղարկի զենք եւ ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ։
2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Մենենդեսն ավելի վաղ ասել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ը վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։
Մենենդեսն օրերս ԱՄՆ Սենատին բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: