Խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին The Washington Post-ին տված մեկնաբանությունում քննադատել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ հայտարարել, որ Ռուսաստանում հարկ է փոխել կառավարման համակարգը։
«Ռուսաստանը [Պուտինը] չպետք է հաղթի այս պատերազմում։ Ուկրաինան էլ պետք է մնա անկախ դեմոկրատական պետություն՝ ի վիճակի ինքն իրեն պաշտպանելու»,- շեշտել է Նավալնին։
Նա հավելել է, թե Ռուսաստանի մեծ քաղաքների բնակիչների մեծ մասը, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, եւ երիտասարդ ընտրողները քննադատաբար են տրամադրված պատերազմի եւ կայսերական հիստերիայի հանդեպ։
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում տակտիկական հարց է, իսկ ռազմավարական հարցն այն է, որ Ռուսաստանը դադարի ագրեսիայի եւ անկայունության աղբյուր լինելուց, իսկ դրան հնարավոր է հասնել, եթե փոխվի Ռուսաստանի կառավարման համակարգը։
«Ռուսաստանի ապագան ոչ թե ուժեղ իշխանությունն է եւ ամուր ձեռքը, այլ համաձայնությունն ու համերաշխությունը, պայմանագիրն ու ամբողջ հանրության շահերը հաշվի առնելը։ Ռուսաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն, եւ միայն այդ կերպ հնարավոր կլինի վերջ տալ ինքնավերածնվող կայսերական բռնապետության շրջափուլերին»։
Որպես ապացույց՝ Նավալնին ներկայացրել է նախկին ԽՍՀՄ պետությունների կառավարման մոդելները՝ սկսելով Բալթյան երկրներից, որոնք ընտրել են խորհրդարանական հանրապետության կառավարման համակարգն ու զարգանում են որպես տիպիկ եվրոպական երկրներ, եւ հասնելով մինչեւ Միջին Ասիայի հանրապետություններ, Ռուսաստան եւ Բելառուս, որտեղ բռնապետություն է։ Ռուս ընդդիմադիր գործիչը կարծում է, որ պետք է հնարավորություն տալ ռուս ժողովրդին ընտրություն կատարելու, վերադարձնելու նրան դրա հնարավորությունը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը