Լեհաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության շրջան ուղարկելու հնարավորությունը։
«ԵԱՀԿ–ի ղեկավար, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը»,– ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:
ՀՀ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին, նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից եւ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի բռնազավթած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։