ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորել է դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:
Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո բազմաթիվ երիտասարդներ չոր սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք ու ծխախոտ են հավաքում, որպեսզի ուղարկեն դիրքեր։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի եւ այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրվելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: