Հայաստանի երեք նախկին նախագահներն էլ խոսեցին Վեհափառ հայրապետի մոտ տեղի ունեցած հանդիպման մասին։
Սերժ Սարգսյանն իր ոճի մեջ էր։ Նա, ըստ էության, հստակ տեսակետ չի հայտնել այս օրերին Լեւոն Տեր–Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ընթացող հրապարակային բանավեճի մասին։ Սարգսյանի գրասենյակի հաղորդագրությունից միայն պարզ է դառնում, որ նա կողմ է երկրի նախկին ղեկավարների հանդիպումների շարունակականությանը, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս համակողմանի քննարկելու եւ մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու։ Սրան զուգահեռ նա կարեւորել է հասարակության մեջ պայքարի ոգին արթուն պահելը։
Այնպես որ հիմնական բանավեճն այս անգամ էլ Լեւոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ է, ինչպես 1997–1998 թվականներին։
Միայն մեկ-երկու տարբերությամբ․ բանավեճն այս անգամ ոչ թե իշխանության թեւերի միջեւ է, այլ ընդդիմադիր դաշտում։ Եվ որ ամենակարեւորն է, 1997 թվականին Հայաստանը նոր էր հաղթել պատերազմում, ուներ բարձր դիմադրողականություն, ռեսուրսներ, եւ վտանգները, որոնց մասին այն ժամանակ նախազգուշացնում էր նախագահ Տեր–Պետրոսյանը, եթե ոչ մշուշոտ, ապա շատերին չափազանց անիրատեսական էին թվում։ Հայաստանը, որ այն ժամանակվա դիվանագիտության շնորհիվ կարողացել էր խուսափել ագրեսոր ճանաչվելուց, թվում էր՝ կկարողանա ոչ միայն ժամանակ ձգել, այլեւ անտեսել ԼՂ խնդրի լուծման գնալու՝ միջազգային հանրության պահանջները։ Ռեսուրսները, սակայն, անսպառ չէին. առաջին ազդակը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ Ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց 44-օրյա համազգային աղետի։
Հիմա Հայաստանը չունի դիմադրողականության որեւէ ռեսուրս 44–օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո։ Մյուս կողմից էլ այսօր, ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, ալեկոծված է համաշխարհային քաղաքական դաշտը, եւ Հարավային Կովկասն ունի Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ հակամարտության նոր դաշտ դառնալու բոլոր հնարավորությունները։ Նման իրավիճակում, երբ բախվում են մեծ շահեր, փոքր ժողովուրդները ոչ միայն շահելու բան չունեն, այլեւ նրանց ամենամեծ շահը ստեղծված իրավիճակից հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալն է, ուրիշ ոչինչ։
Եվ ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Պատասխանը կարծես թե պարզ է՝ հարկավոր է երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ Հայաստանի համար եղած լուծումերից ամենամեղմը գտնելու եւ երկիրը նոր աղետներից զերծ պահելու համար։ Այլապես Հայաստանին որոշումները կարող են պարտադրվել, ընդ որում՝ պարտադրվել ոչ այնքան մեր ուզած տարբերակով։
2016–ի ապրիլյան պատերազմից հետո հասարակության մի ստվար հատված (խոսքը նրա կողմնակիցների մասին չէ) սկսեց միանգամից հիշել Տեր–Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը։
Տեր–Պետրոսյանին հիշեցին նաեւ 2020-ի պատերազմից հետո, երբ արդեն Հայաստանը ջախջախվել էր․ անգամ նրա ամենամոլի հակառակորդներն էին սոցիալական ցանցերում մեջբերումներ անում առաջին նախագահի ելույթներից։
Հիմա Հայաստանը կանգնած է նույն իրավիճակում. կա՛մ պետք է հազարապատիկ լրջանալ, առաջնորդվել սթափ քաղաքական հաշվարկներով եւ ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ, կա՛մ համազգային հերթական աղետից հետո հետադարձ հայացք ենք նետելու եւ ափսոսալու պատեհ պահը չօգտագործելու համար։ «Հայի ետին խելքի» մասին առասպելի հերթական դրսեւորում, ուրիշ ոչինչ։
Հայաստանի այսօրվա ռեսուրսների մասին պատկերացում կազմելու համար շատ հեռուն չպետք է գնալ. կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ինքն էլ խոստովանեց՝ Ադրբեջանին հաջողվում է խանգարել Հայաստանին զենքի մատակարարումը, եւ շատ հաճախ նրանց հաջողվում է անգամ Հայաստանի դաշնակից պետությունների դեպքում. «Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Փաշինյանը:
Հ.Գ. Իսկ մինչ այդ ստեղծված իրավիճակում իշխանությունները ոչ թե փորձում են իրենց հերթին ձեռնամուխ լինել երկխոսությանը, այլ դիվոտում են «կապիտուլյացիա» բառից եւ ճգնում են ապացուցել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փրկություն էր, ոչ թե կապիտուլյացիա։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: