Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի շրջանակում այս տարի շուրջ 60 միջոցառում անցկացվեց։ «Զանգակ» գրատանը, Թումանյանի թանգարանում, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում մինչեւ հոկտեմբերի 4-ը կարելի է մասնակցել գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի, գրողների հետ հանդիպումների, պանելային քննարկումների, ներկայացումների։
Շուրջ չորս տասնյակ հրատարակիչներ ներկայացրին իրենց տեսականին։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հարկի տակ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառից մարդիկ հեռանում էին ծանր տոպրակներով:
«Հայաստանում գրահրատարակչության ոլորտն արագ թափով զարգացողներից է: Եթե այսօրվա տեմպերը համեմատենք 2000-ականների առաջին տարիների հետ, շեշտակի աճ կնկատենք, միայն 2021 թվականին Հայաստանում լույս է տեսել 2512 անուն գիրք, որոնցից 500-ը գեղարվեստական թարգմանություններ են»,- ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը։
Գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխուժություն է նկատվում, դրա մասին փաստում են ե՛ւ գրադարանները, ե՛ւ գրախանութներն իրենց պատվիրած եւ վաճառած գրքերի մշտադիտարկման տվյալներով: Փառատոնն ամրացնում է ընթերցող-գրական մամուլ-գրական գործակալ- հրատարակիչ կապը, որը նորանկախ Հայաստանում թուլացած էր:
«Այլ հարթակ չկա Հայաստանում, որն այսպիսի մասշտաբով համագործակցություն կապահովի»,- ասում է Սարգսյանը, որը փառատոնը հաջողված է համարում թեկուզ այն առումով, որ սկսնակ հրատարակչություններն, օրինակ, փառատոնի օրերին վաճառում են այնքան գիրք, որքան մեկ տարում չեն վաճառում:
«Էջ»-ը, որ երեք տարի է գրական շուկայում, թեեւ դանդաղ քայլերով, բայց փորձում է իր տեղը զբաղեցնել արդեն կայացած հրատարակչությունների շարքում։ Եթե ցանկություն ունեք ծանոթանալու արձակ եւ չափածո ստեղծագործող ժամանակակից հայ գրողների գործերին, քայլերն ուղղեք դեպի «Գրանիշ»-ի տաղավար: Աչքի առաջ ունենալով փառատոնը՝ «Գրանիշ»-ն ամռանը հրատարակել է Արսեն Ներսեսի «Դադիվանոց ժամագիրքը», Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» կոնցեպտուալ ժողովածուն, Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը, Զարուհի Բաթոյանի «Այսօրվա, վաղվա եւ մյուս օրերի համար» ժողովածուն, որոնց շնորհանդեսները եղան փառատոնի օրերին։
Փառատոնի ընթացքում անցկացվում է նաեւ մրցույթ, եւ դա, ըստ «Գրանիշ»-ի տնօրեն Հասմիկ Հակոբյանի, հնարավորություն է տալիս հայտնաբերելու նոր անուններ. «Մրցույթը գրական պրոցես է կազմակերպում եւ նոր անուններ բացահայտում, մնացյալն արդեն կախված է հրատարակիչների տրամադրվածությունից»։
Գրքերն, ի դեպ, բոլոր հրատարակչատներն առաջարկում են գնել 25-40 % զեղչով, իսկ Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամն իր լույս ընծայած գրքերը պարզապես նվիրում էր ցանկացողներին։ «Փառատոնը հնարավորություն է տալիս տարածելու հիմնադրամի գաղափարները։ Մերն ազատական հիմնադրամ է՝ ժողովրդավարության ջատագով, մեր հրատարակած գրքերն էլ ինչ-որ կերպ առնչվում են ժողովրդավարության գաղափարներին»,- ասում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող Արմեն Գրիգորյանն ու փոքրիկ ընթերցողին առաջարկում տուն տանել «Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը» գիրքը։
«Զանգակ» հրատարակչատան երկու մասի բաժանված տաղավարում կարելի է ե՛ւ գիրք գնել, ե՛ւ ստանալ աշխատանքի առաջարկ։ Հրատարակչատունը գրքասերներին տեղում առաջարկում է միանալ իրենց թիմին։ «Զանգակն» այս տարի, երկրում տեղի ունեցող իրողություններով պայմանավորված, որոշել է հետաձգել 4 գրքի շնորհանդես, այդ թվում՝ Հոմերոսի «Իլիական», Իշիգուրոյի երրորդ՝ «Երբ մենք որբ էինք» գրքերի։
Ի դեպ, «Զանգակն» այս տարի նշում է իր 25-ամյակը։ Տարեկան մոտ 50 նոր անուն գիրք է լույս ընծայում՝ վերահրատարակելով արդեն շրջանառվող գրքերը: «Այս հարթակը առիթ է ընձեռում տեսնելու մեր ընթերցողին, ծանոթանալու նրա պահանջներին հենց տեղում, իսկ անցյալ տարի «Համագործակցի՛ր Զանգակի հետ» ծրագրի շրջանակում արդյունավետ կապեր հաստատեցինք»,- ասում է «Զանգակ»-ի հանրային կապերի պատասխանատու Սյուզի Չիչակյանը։
Ամեն տարի գրադարակների բովանդակալից լիություն է ցուցադրում նաեւ «Անտարես» հրատարակչատունը։ «Երեք օր համախմբում է բոլորին, եւ սա լավ առիթ է հայ գրքի հանդեպ հոռետեսորեն տրամադրված մարդկանց գալու եւ տեսնելու՝ ինչ փառահեղ գրահրատարակչական պրոցես ունենք այս դժվարին ժամանակներում։ Ինչպես է մշակույթն իր ներքին ուժով, էներգիայով հակազդում այն բոլոր դժվարություններին, որ այսօր կան մեր կյանքում»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Հինգերորդ փառատոնն այս տարի կարեւոր քայլ է արել՝ հրավիրելով արտասահմանյան հրատարակիչների, օտարազգի գրողների, որոնց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը եւ տասնյակ ուրիշներ։
Դրսի հրատարակիչների հետ համագործակցության մեծ փորձ ունեցող «Անտարես»-ը վերջին երկու տարում մոտ 18 երկրում 23 հայ ժամանակակից գրողի գիրք է հրատարակել։ «Կարող եմ շեշտել Հովիկ Աֆյանի «Կարմիրը», որը լույս տեսավ Ավստրալիայում, Գուրգեն Խանջյանի, Հրաչ Սարիբեկյանի վեպերը ալբաներեն, ռումիներեն թարգմանվեցին, պրոցեսները շարունակվում են»,- նշում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Այսօր հրատարակիչը, գիտակցելով, որ ամեն թարգմանված գրող կարող է լոկոմոտիվ դառնալ, նախընտրում է լավագույններին ներկայացնել, որպեսզի նրանք իրենց հետեւից մյուսներին տանեն։ Այս իմաստով կարեւոր է ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն թարգմանությանը» ծրագիրը, որը մեր հեղինակներին դրսում տպագրելու կարեւոր ջանք է։
Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնը փակվեց հոկտեմբերի 2-ին ավանդական մրցանակաբաշխությամբ։ «Պոեզիա» անվանակարգում բանաստեղծական ժողովածուների համար հավասար միավորներով հաղթող ճանաչվեցին Կարեն Անտաշյանն ու Մարինե Պետրոսյանը, «Արձակ» անվանակարգում պարգևատրվեց Տիգրան Պասկևիչյանը՝ «Նահանջ. ինքնակենսագրական մանրամասներ» կարճ պատմվածքների հավաքածուի համար։ «Դրամատուրգիա» անվանակարգում գնահատվել էր բանաստեղծ, արձակագիր Աննա Դավթյանի «Մի նավաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիեսը։ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում «Արեգը, որ ապրելու է եւս 89 տարի» վիպակի համար մրցանակ ստացավ Խաչիկ Գրիգորյանը։ «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական եւ ժամանակակից գրականությունը հետեւողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի արժանացավ Լիլիթ Մելիքսեթյանը:
Փառատոնն այս տարի ստացել էր գրական մրցույթի 165 հայտ։ Ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավարի՝ քանակը խոսում է մրցանակի հեղինակության մասին. «Իհարկե դրամական պարգեւը սիմվոլիկ է՝ 300000 դրամ, որն իրականում քիչ է նման հետաքրքրություն առաջացնելու համար, քանի որ դաշտում կան տասնյակ մեծ ու փոքր դրամական ֆոնդերով մրցանակներ, այդուհանդերձ, ուրախ ենք, որ հետաքրքրություն կա»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։