ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարեւորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային ատյանները պետք է հստակ գնահատական տան Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին, իսկ հանցագործները պատասխանատվության ենթարկվեն։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։
Գերատեսչությունը հայտարարել էր, որ չնայած սեպտեմբերի 1-14-ին ու 28-ին ադրբեջանական սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի Բայրամովի հետ նախատեսված հանդիպմանը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը ժնեւյան բանակցությունների վերաբերյալ
Ժնեւյան բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ–ն, որում ասված է, թե Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, եւ ընդգծել է «Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու», փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված նախնական համաձայնությունների հիման վրա ամենակարճ ժամկետներում տրանսպորտային-հաղորդակցական գծերը բացելու, սահմանազատման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
Բանակցություններին նախորդող տեսանյութն ու դրա վերաբերյալ միջազգային արձագանքները
Հոտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտգործնախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈՒ-ի այս եւ նախորդող ժամանակահատվածներում իրականացրած աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Տեսանյութի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել մի շարք եվրոպական կառույցների ղեկավարներ եւ եվրապատգամավորներ:
Մասնավորապես, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի ԶՈԻ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր թվիթերյան գրառման մեջ, լարտվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հայտնված կադրերը «սարսափելի» է անվանել։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն»,- գրել է դիվանագետը։
Հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ իր վրդովմունքն էր արտահայտել նաեւ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն:
«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու եւ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- նշել է պատգամավորը: