Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի 210-րդ արտահերթ նստաշրջանում ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու եւ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները բարդացել են, սակայն մենք հավատարիմ ենք մնում տարածքային խնդրի լուծման ու խաղաղության պայմանագրի կնքման ուղեգծին»,- ասել է Կիսիդան:
Արձագանքելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ տարածքային խնդիրը լուծելու եւ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու առաջարկին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման պայմաններում, երբ Ճապոնիան հաստատուն տեղ է զբաղեցրել մի խումբ ոչ բարեկամ երկրների կողքին, եւ ինքն է դարձել Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր, Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհնար են։
2022-ի մարտին էլ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան հրաժարվում է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններից, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի՝ մասնավորապես, Կունաշիր, Իտուրուպ եւ Փոքր Կուրիլյան կղզիներ ու լեռնաշղթաներ ճանապարհորդելու կարգը, ինչպես նաեւ հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունը։
Խոսքը 1991-ի փոխադարձ ուղեւորությունների ընթացակարգի եւ 1999-ի՝ այդ վայրեր առավել դյուրացված այցելությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրերի դադարեցման մասին է։ Վերջին տվյալներով՝ կղզիների նախկին բնակիչները ընտանիքի անդամների հետ իրավունք ունեին պարզեցված կարգով մուտք գործելու այդ տարածքներ։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանն այդ որոշումը ցավալի ու անընդունելի էին համարել: