Ըստ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանի՝ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում։
«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ-ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություններ էր տրամադրել»,– այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնել է Քարազյանը։
Նա հավելել է, որ Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես նրանց բուժզննման եւ այլ հարցերի առնչությամբ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տրամադրել։ Ադրբեջանի նման վարքագիծն, ըստ Քարազյանի, նորություն չէ։
Հոկտեմբերի 3-ին ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 30-ն ազատ արձակել 17 հայ ռազմագերու: Նրա պնդումը հաստատել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս մանրամասնել է, որ 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի եւ Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։