Իրանում քսաներկուամյա Մահսա Ամինիի մահից հետո երկրով մեկ սկսված բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել են եվրոպական 9 երկրի քաղաքացիներ։
Իրանի հետախուզության նախարարությունը մանրամասնել է, որ բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալված եվրոպացիները, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի եւ այլ երկրների քաղաքացիներ են։
Իրավապաշտպան խմբերը նշում են, որ ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ, ուսանողներ, լրագրողներ։ Amnesty International կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու ընթացքում սպանվել է առնվազն 52 մարդ, հարյուրավոր ցուցարարներ ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։
Բողոքի ցույցերի «կայծը»
Երիտասարդ իրանուհին մահացել էր բռնության ենթարկվելով: Ոստիկանները նրան դաժանաբար ծեծել էին իսլամադավան կնոջ ավանդական հագուստի մաս կազմող հիջաբ կրելու կանոնները չպահպանելու պատճառաբանությամբ։
Իրանի արեւմուտքում գտնվող Սեքյեզ քաղաքի բնակչուհի Մահսա Ամինին Թեհրան՝ ազգականներին այցելու էր գնացել սեպտեմբերի 13-ին։ Նա ձերբակալվել էր բարոյականության պահպանմանը հետեւող ոստիկանության կողմից այն բանի համար, որ իբրեւ թե «ոչ իսլամական» հագուստ էր կրել։ Աղջկան նախ տարել են ոստիկանություն, հետո՝ հիվանդանոց՝ կոմայի մեջ, որտեղ նա մի քանի օր անց մահացել էր՝ այդպես էլ ուշքի չգալով։
Ոստիկանությունը հայտարարել է, թե Մահսա Ամինին սրտի տագնապ է ունեցել։ Սակայն աղջկա ազգականները հայտարարել են, որ աղջիկն առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Իրավապաշտպանները կարծում են, որ աղջկա գլխին մահացու հարված են հասցրել։
Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո էլ Իրանով մեկ բռնկվել են բողոքի ցույցեր՝ կանանց հանդեպ բռնաճնշումների եւ ոստիկանական ամենաթողության դեմ պայքարի կոչերով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը