Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ադրբեջանցի զինվորների ձեռամբ հայ գերիների գնդակահարությանը, նկատել է, որ այդ գազանությունը դեռ հաստատման կարիք ունի: Նա նաեւ ակնարկել է, որ հայերն էլ են գազանություններ արել, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ակնհայտ խոր վերքեր է թողել երկու կողմերում:
Այս հայտարարությունը հիասթափեցրել է հայ հանրությանը: Մինչդեռ հիասթափեցնող ոչինչ չկա: Ավելին` պետք է մոռանալ նույնիսկ, որ մոտեցող ձմռան դեմ Եվրոպան խիստ կախման մեջ է հայտնվել ադրբեջանական գազից ու նավթից:
Խիղճն անհատական ընկալում է, Եվրոպայում կգտնվեն խիստ շարքային քաղաքացիներ, որոնք կմտածեն, թե ադրբեջանցիների արածն անմարդկային է: Այո՛, բայց քաղաքականության մեջ անմարդկային հասկացություններ չկան: Դա չի վիճարկվում: Հայերի ցեղասպանությունն անմարդկային է, եթե թուրքերին ինչ-որ բան ասելու բոլոր մնացած միջոցները սպառվել են: Կանանց իրավունքների ոտնահարումն Աֆղանստանում անմարդկային է, քանի դեռ «Թալիբանը» Արեւմուտքի հետ կանանց չվերաբերող այլ հարցերում ընդհանուր լեզու չի գտնում: Նույնը վերաբերում է Իրանին: Հըլը ռուսներին հարցրե՛ք, տեսե՛ք՝ կանանց գնդակահարություններն ու սպանությունները Աֆղանստանում անմարդկայի՞ն են: Իհարկե ոչ: Ո՞վ կասի, որ մարդու արժանապատվության բացակայությունը Հյուսիսային Կորեայում խնդիր է Չինաստանի, Աֆրիկյան երկրների մեծ մասի, Ռուսաստանի ու շատ այլ երկրների համար:
Ադրբեջանցիների գազանություններին ԵՄ ներկայացուցչի գնահատականում դատապարտելի ոչինչ չկա: Տոյվո Կլաարը ինստիտուտ է ներկայացնում, նա խոսում է ինստիտուցիոնալ բերանով: Դուգինն իր դստեր մահով հո չի՞ հասկանալու, թե ինչ է նշանակում Ռուսաստանի արածն Ուկրաինայում: Դուգինն ավելի մոլեռանդորեն է պաշտպանելու ուկրաինական հողերի անեքսիան: Որովհետեւ իր դստերը ընդհանուր գործի զոհասեղանին դրեց:
Բոլորովին այլ բան է, եթե երեկվա տեսանյութի հերոսների գործողություններում հայերը լինեին գնդակահարողները, ադրբեջանցիները՝ զոհերը: Ընդդեմ հայերի Տոյվո Կլաարի գնահատականն ավելի կոնկրետ ու հասցեական կլիներ:
Հայերը Եվրոպային առաջարկելու ոչինչ չունեն գոնե այս ձմեռ:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, թեեւ նրանից խռովածի կարգավիճակով: Մենք ժողովրդավարական երկիր ենք, բայց մեզ հետ քաղաքականություն խաղալու ոչ մի գործիք չկա, դոմինանտը Թուրքիայի հետ հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշումն է, Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ Ադրբեջանի դիրքորոշումը: Միակ գործիքը, որ դեռ մեր ձեռքում է hուրախություն Եվրոպայի Մեղրիի միջանցքն է, որը ռուսներն ուզում են վերցնել իրենց ձեռքը, ու մենք դեռ դիմադրում ենք: Բայց այս թեման առաջիկա ձմռանը հազիվ թե եվրոպացիներին տաքացնի: Հետեւաբար ռակուրսը կպահպանվի, այսինքն` հարց է, թե մեզնից ով է պակաս գազան՝ մե՞նք, թե՞ ադրբեջանցիները:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: