Իսպանական El País պարբերականն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:
El País-ը նշել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կոչը՝ հետաքննել հայ գերիների սպանության վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը: Կլաարն ընդգծել է, որ եթե հաստատվի տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է, եւ մեղավորները պետք է պատժվեն:
El País-ը հիշեցրել է, որ սեպտեմբերյան լարվածության սրումը ամենալուրջն է 2020 թվականից հետո: «Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն չի ստացել, Ռուսաստանն էլ կարծես թե չի ցանկանում միջամտել հակամարտությանը»,- նշված է հոդվածում: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից:
El País-ը նշել է, որ Բաքուն ռազմագերիների մահապատժի Հայաստանի մեղադրանքները «երեսպաշտության օրինակ» է համարում եւ քննադատում Երեւանին՝ հայկական կողմին մեղադրելով տասնամյակներ շարունակ «ագրեսիվ քաղաքականության» եւ «բազմաթիվ ռազմական հանցագործություններ» կատարելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ զինվորական դատախազությունը սեպտեմբերի կեսերին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ հետաքննություն է հայտարարել։