ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցում հրապարակված՝ Հայաստանից Ադբեջանի պահանջներին վերաբերող նյութին: ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ հրապարակումն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին:
«Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը եւ իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաեւ Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, եւ ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի եւ Նալբանդյանի միջեւ 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,- Առաջին նախագահի խոսքը փոխանցել է Արման Մուսինյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցի հրապարակմանն անդրադարձել է Հայ ազգային կանգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: