Լիտվան հայտարարել է Վիլնյուսում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնյային արտաքսելու մասին։ Հոկտեմբերի 3-ին նա հրավիրվել էր Լիտվայի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է նոտա «անցանկալի անձ» հայտարարվելու մասին։ Լիտվայի տարածքը լքելու համար Ռյաբոկոնյային հինգ օր ժամանակ է տրվել։
Լիտվայում կարծում են, որ ռուս դիվանագետի որոշ հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են նրա դիվանագիտական կարգավիճակի հետ, գնահատվում են որպես դիվանագիտական առաքելության իրականացման հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտություն եւ հետեւաբար խախտում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին, որպես պատասխան քայլ, հայտարարել է, որ Մոսկվան կարտաքսի Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։
Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ բողոք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի մաս կազմող Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանին միացնելու մասին հայտարարության վերաբերյալ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը