ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի իրականացրած լայնածավալ ագրեսիան եւ դրա հետեւանքով ՀՀ ինքնշխան տարածքի բռնազավթումը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաեւ ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները:
«Այս համատեքստում խոսել եմ նաեւ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասին ներկաները տեղեկացված են եղել: Խոսել եմ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին եւ պատասխանել ներկաների հարցերին»,- հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղարը: