Ղազախստանի իշխանությունները մտադիր են նոր կարգավորումներ եւ մեխանիզմներ սահմանել, որ քաղաքացիները կարողանան պինդ վառելիքի՝ ածխի առքուվաճառքը կատարել առցանց՝ բանկային հավելվածների, առեւտրային առցանց հարթակների, մարկետփլեյսների միջոցով։ Կոստանայի մարզում արդեն իսկ տեղի խոշորագույն առեւտրային բանկերից մեկը նման պիլոտային հավելված է գործարկել։
Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի անցկացրած խորհրդակցությանը որոշվել է ածխի հնարավոր գնաճը կանխելու համար չխոչընդոտել երկրի ներսում ածխի տեղափոխումը: Որոշվել է նաեւ սահմանափակել ավտոտրանսպորտային միջոցներով Ղազախստանի սահմաններից ածխի դուրսբերման թույլատրելի ծավալները։
Այս տարվա հունվար-օգոստոսին Ղազախստանում 73,7 միլիոն տոննա ածուխ է արդյունահանվել, ինչը 6,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արդյունահանված ածխի ծավալից:
Պատրաստեց Արման Գրիգորյանը