ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին ԱԺ է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ առաջարկվում է զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը։
Դումանյանը հայտնել է, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հաճախ ուսման մեջ հաջողությունների հիմքով տարկետում ստացած սովորողները, ասպիրանտուրան չավարտած, զորակոչվում են բանակ։
«Այս խնդիրն առաջացել է այն հանգամանքից, որ հանրակրթության տեւողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին որոշվել է այն ժամանակ, երբ հանրակրթությունը դեռ 10 տարի տեւողություն ուներ։ Սա բերում է արհեստական լուծումների. ասպիրանտուրայի երկրորդ տարում փորձում էին ամեն կերպ ավարտել, պաշտպանել դիսերտացիան, որպեսզի համարվի, որ այդ ցիկլը փակվել է»,– նշել է Դումանյանը։
Բնագիտական առարկաների դիմորդների համար տարկետում կսահմանվի
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է նաեւ տարկետման իրավունք տրամադրել բնագիտական, ճարտարագիտական, մաթեմատիկական եւ տեխնոլոգիական բնագավառն ընտրած դիմորդներին։
«Այսուհետ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություններում կառավարությանը տրվում է լիազորություն՝ սահմանելու բուհերի եւ մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները` ստանալով տարկետման իրավունք»,– նշել է Դումանյանը։