«Ռուսաստանը որքան ընկղմվում է ուկրաինական ճահճուտներում, այնքան Կրեմլը կորցնում է իր ռազմական եւ դիվանագիտական հնարավորությունը` միջնորդելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ հակամարտությանը, իսկ Բայդենի վարչակազմը փորձում է այդ բացը լրացնել»,- գրում է Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։
Ազգային անվտանգության խորհրդատու Ջեյք Սալիվանն այս շաբաթ կազմակերպեց, ինչպես ինքը նշեց, «ուղիղ եւ կառուցողական բանակցություններ» Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեթ Հաջիեւի հետ։ Հանդիպմանը նախորդել էին Պետդեպարտամենտի Կովկասի տարածաշրջանի գծով ավագ խորհրդատու Ֆիլիպ Ռիկերի միջնորդական ջանքերը:
Ըստ Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի՝ Սպիտակ տան հանդիպման ընթացքում մշակվել է «ճանապարհային քարտեզ» երկու երկրների միջեւ հետագա խաղաղ բանակցությունների համար:
Նա ասաց, որ հաջորդ քայլը կլինի հոկտեմբերի սկզբին Ժնեւում երկու երկրների արտգործնախարարների միջեւ հանդիպումը, որին ներկա կլինեն Ռիկերը եւ Եվրամիության մի դիվանագետ: Բանակցությունները «ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության ապացույցն են»,- ասաց Մակունցը:
2020-ի նոյեմբերին Ռուսաստանը միջնորդեց հրադադարի հաստատման եւ դրան հաջորդող խաղաղ բանակցությունների հարցում: Բայց Մոսկվային չհաջողվեց դադարեցնել հակամարտությունը: Այս ամիս Ադրբեջանը ներխուժեց Հայաստան՝ բացելով մեկ այլ արյունոտ շրջան:
Կովկասում խաղաղության միջնորդության Ռուսաստանի տապալումը պարզագույն նշան է այն բանի, թե որքան է Ուկրաինայի պատերազմն ուժաթափ արել Մոսկվային, որ չի կարողանում իր սահմանների երկայնքով լուծումներ գտնել:
Ռուսական զինուժը, սխալ ծավալվելով, չի կարողացել խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղապահի իր խոստացած դերը: Եվ այժմ երկու կողմերն էլ թերահավատ են Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի հանդեպ:
Մոսկվան նման խնդիրներ ունի նաեւ իր շուրջը գտնվող այլ երկրներում։ Շվեդիան եւ Ֆինլանդիան հրաժարվել են չեզոք դիրքից եւ շարժվում են դեպի ՆԱՏՕ: Ղազախստանի նախագահը դատապարտել է Ուկրաինայի պատերազմը՝ որպես «անհույս իրավիճակ», եւ բացել է իր սահմանը Վլադիմիր Պուտինի ռազմական մոբիլիզացիայից փախչող ռուսների համար: Ղրղզստանը եւ Տաջիկստանը այս ամառ ընդունեցին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլլային՝ հակառակ ռուսական առարկություններին:
Հետխորհրդային «կայսրությունն» ակնհայտորեն փլուզվում է: Ռուսաստանի անփութությունը, կարծես, Հայաստանին մղում է Միացյալ Նահանգների հետ ավելի լայն համագործակցության:
Թշնամի հարեւաններով շրջապատված հայերը երկար ժամանակ Մոսկվայի հետ են կապել իրենց պաշտպանությունը՝ չնայած իրենց երկրի ժողովրդավարական, արեւմտամետ քաղաքական կողմնորոշմանը:
Երբ այս ամիս Ադրբեջանը հարձակվեց, Հայաստանը հրատապ օգնություն խնդրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, բայց ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը հարցազրույցում մեկնաբանեց այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի նպատակը. «Ես այստեղ եմ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ուժեղացնել հայ-ամերիկյան հարաբերությունները»: Նա նշեց հնարավոր համագործակցության ոլորտները՝ անվտանգություն, էներգետիկ, դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ: Հարաբերությունների հիմքում ընկած է «ժողովրդավարությունն ուժեղացնում է ժողովրդավարությանը» սկզբունքը:
Արդյոք ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը ներառելու է նաեւ ռազմական համագործակցություն, դեռ պարզ չէ: Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերին այցելել է Պենտագոն: Հայաստանին անհրաժեշտ է բարձրակարգ վերապատրաստում եւ սարքավորումներ իր զինվորականների համար, ինչն ակնհայտ էր Ադրբեջանի հետ վերջին պատերազմում: Բայց ԱՄՆ ռազմական օգնության տեսանելի նշաններ չկան:
ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կատալիզատոր կարող է լինել սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան, որը տեղի ունեցավ անմիջապես Ադրբեջանի հարձակումից հետո:
Ըստ Գրիգորյանի՝ Փելոսիի այցը կանխեց հետագա էսկալացիան: «Այդ այցը հույս է տալիս, որ Հայաստանը մենակ չէ իր պայքարում»,- ասաց նա: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում փոփոխություններ են նշմարվում:
Անկարան շարունակում է ժխտել 1915 թվականի Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը՝ հայոց պատմության ամենամռայլ իրադարձությունը: Բայց Գրիգորյանն ասաց, որ Անկարայի հետ հարաբերությունների «նորմալացման» քննարկումներ են սկսվել, եւ երկու երկրների ղեկավարները սկզբունքորեն համաձայնել են իրենց սահմանները բացել տարանցիկ փոխադրումների՝ սկզբում երրորդ երկրների համար:
«Մենք ակնկալում ենք, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»,- ասաց Գրիգորյանը այս սահմանի բացման վերաբերյալ: Բայց ինչպես միշտ նման դիվանագիտական գամբիտում, սատանան մանրամասնությունների մեջ է:
Պատրաստեց Կարինե Դավոյանը